«34-ամյա Հ. Համբարձումյանը հոգեբույժի վերահսկողության տակ է եղել, դեղորայքային բուժում է ստացել: Նշանակում է, որ այստեղ մենք հոգեկան հիվանդության հետ գործ ունենք։ Հետաքրքիրն այն է, որ նա 3 տարի այցելել է Ռուբեն Պողոսյանին, եթե 3 տարի մարդը եկել է, ուրեմն գտել է, որ այդ մարդն իրեն օգնում է, պետք է իրեն, և ջերմ հարաբերություններ պետք է, որ հաստատված լինեն այդ երեք տարվա ընթացքում: Թե ի՞նչ եղավ հենց այդ օրը, այդ ինչպե՞ս եղավ…»,- իր մտահոգություններով այսօր կիսվեց հոգեբան Սամվել Խուդոյանը՝ նկատի առնելով օրերս տեղի ունեցած դեպքը:
Հուլիսի 17-ին, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիր, հոգեբան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Ռուբեն Պողոսյանը հիվանդանոց է տեղափոխվում դանակահարության հետևանքով ստացած գլխի և վերին վերջույթների բազմաթիվ վերքերով, առատ արյունահոսությամբ, ծանր աստիճանի հեմորագիկ շոկով: Անմիջապես տեղափոխվում է վիրահատարան, որտեղ դիմածնոտային և այլ նեղ մասնագետները ցուցաբերում են համապատասխան բուժօգնություն: Վիճակը ծանրանում է արյան մեծ կորստի պատճառով, ինչը հանգեցնում է նաև կրկնակի ծանր ինֆարկտի զարգացմանը: Նույն օրն Ռուբեն Պողոսյանը մահանում է:
Կատարված դեպքի առթիվ կասկածվում և հետախուզվում է հոգեբանական կենտրոնի այցելու Հ. Համբարձումյանը:
«Ես 30 տարի զբաղվում եմ փսիխոթերապիայով և նման բան առաջին անգամ եմ լսում։ Նման հիվանդները նույնիսկ վեճ չեն ունենում, հարաբերություններն այնքան ներդաշնակ են, որովհետև առանց այդ հարաբերությունների՝ ի՞նչ այցելություն: Իմ ընկեր Ռուբենը, փսիխոթերապիայի 20 տարվա փորձ ուներ, պրոֆեսիոնալ էր իր աշխատանքում: Նա մեղմ, հանգիստ, հոգատար, ջերմ անձնավորություն էր: Մինչև օրս մենք զարմացած ենք այս դեպքի առթիվ»,- իր խոսքը շարունակեց Սամվել Խուդոյանը:
Խոսելով նման գործողությունների պատճառի մասին՝ հոգեբանը դժվարացավ պատասխանել, քանի որ, ինչպես նշեց վերջինս, իրենք երբեք այցելուների խնդիրներն իրար մեջ չեն քննարկում՝ «դա մասնագիտական գաղտնիք է».
«Դրսում կամ ընտանիքում, մի ուրիշ իրավիճակում խոշոր սթրես է եղել մարդու հետ, ինչը նրա մեջ յուրահատուկ աֆեկտիվ վիճակ է ստեղծել, և իր ագրեսիան թափել է նրա վրա, ում վրա կարողացել է։ Այստեղ հետաքրքիր է, որ այդ տղան հարձակվել է նաև աշխատակցուհու վրա, ով նրան հարվածել է, որից հետո դանակահարողը փախել է։ Այսինքն՝ ներքին ագրեսիվության ինչ-որ պոռթկում կարող է եղած լինել։ Իհարկե, հետաքննությունը ցույց կտա։ Կարող է զուտ կենցաղային էլ ինչ-որ հարց լինել, օրինակ՝ պահանջներ հոգեբանից կամ հիմնարկից: Ես ենթադրում եմ, որ նրա մոտ գիտակցության խանգարում՝ աֆեկտիվ վիճակ կարող է եղած լինել»,- իր խոսքն ավարտեց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Նախաքննությունը շարունակվում է:
Նյութը՝ Ռոզա Վարդանյանի