Շենգավիթի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի քննությունը, դատավոր՝ Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ: Նիստին ներկա էր գտնվում ամբաստանյալներից միայն Հովհաննես Պետրոսյանը, քանի որ մյուս ամբաստանյալները նախորդ դատական նիստին հեռացվել էին դատական դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար:
Նիստի սկզբում, դատավորը սանկցիաներ կիրառեց պաշտպաններ Արա Զաքարյանի և Նինա Կարապետյանցի նկատմամբ, նշելով, որ կդիմի Փաստաբանների պալատ նրանց պատասխանատվության ենթարկելու համար:
Ընդմիջումից հետո, դատավոր Գրիգորյանը նիստերի դահլիճ հրավիրեց ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանին, որպեսզի իր կարծիքը հայտնի նոր հանրային պաշտպանի՝ Աննա Ջուվանովնայի, իր պաշտպանական գործին ներգրավվելու հարցում: Ամբաստանյալի նախկին հանրային պաշտպանի պայմանագրի ժամկետն ավարտվել էր Հանրային պաշտպանի գրասենյակի հետ:
Գալուստ Գրիգորյանը հրաժարվեց պաշտպանի ծառայություններից, նշելով, որ ինքն ունի փաստաբան, ինչին, սակայն, դատավոր Գրիգորյանը հակադարձեց, ասելով, որ փաստաբան չունի և առանց պաշտպան չի կարող մնալ:
«Բա էլ ինձ ինչի՞ համար եք կանչել»,- ասաց ամբաստանյալը և լքեց նիստերի դահլիճը, որին հետևեց նաև հանրային պաշտպան Աննա Ջուվանովնան՝ լքելով նիստերի դատավարական դահլիճը: Վերջինս եկավ և նստեց լրագրողների համար նախատեսված վայրում, նշելով, որ սա ևս նիստերի դահլիճի մի մասն է:
«Առանց ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի համաձայնության, ես չեմ կարող ստանձնել նրան պաշտպանելու գործառույթները: Ես կնստեմ և կհետևեմ դատական նիստին այս սրահից, սակայն, չեմ պաշտպանի ամբաստանյալին»,- իր խոսքն ասաց հանրային պաշտպանը:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց ընդմիջում և գնաց խորհրդատվական սենյակ՝ պաշտպան Ջուվանովնայի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու համար: Ընդմիջումից հետո, դատավորը «նախազգուշացում» տվեց պաշտպանին:
Նիստերի դահլիճ բերվեց Գևորգ Սաֆարյանը, դատավորը նրան հայտնեց, որ վերջինիս պաշտպանն է Աննա Ջուվանովնան: Ամբաստանյալը հրաժարվեց պաշտպանի ծառայությունից, պնդելով, որ ինքն ունի փաստաբան՝ Տիգրան Եգորյանը: Ամբաստանյալը հեռացվեց նիստերի դահլիճից:
Դատավոր Գրիգորյանը հեռացավ խորհրդատվական սենյակ՝ որոշում կայացնելու: Վերադառնալով նիստերի դահլիճ ասաց, որ նիստը հետաձգվում է, քանի որ Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի փաստաբանները ևս լքել են դատական նիստերի դահլիճը, առանց նրանց նիստը շարունակվել չի կարող:
Դատական գործի քննությունը կշարունակվի հուլիսի 28-ին:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է 2015թ. ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը, մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաև Գևորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին և Հովհաննես Պետրոսյանին:
Նյութը՝ Ռոզա Վարդանյանի