Լուրջ կրթական և գիտական կենտրոնների համատեքստում հաջողության կարող ենք հասնել առավելագույն քայլեր ձեռնարկելու պարագայում. Անահիտ Մանասյան

Lgalinfo.am գիտելիքի օրվան ընդառաջ զրուցել է
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ Անահիտ Մանասյանի հետ։

-Շուտով սեպտեմբերի 1-ն է, և սկսվելու է ուսումնական գործընթացը։ Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս  մեր կրթական համակարգը համապատասխանեցնել աշխարհում այսօր եղած չափանիշներին։

-Սկսեմ նրանից, թե ինչն է անհրաժեշտ բացառել՝ նման համակարգ ձևավորելու նպատակով։ Բացառել անհրաժեշտ է հատվածական, մակերեսային, այսրոպեական, խորքային բնույթ չունեցող և ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները։ Համապատասխանաբար, ժամանակակից աշխարհում մրցունակ կրթական ու գիտական համակարգ հնարավոր է ձևավորել բացառապես պրոֆեսիոնալ, ամբողջական, խորքային լուծումներով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր բնագավառի զարգացմանը բնորոշ օրինաչափությունները։ Ավելին, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ժամանակակից աշխարհը զարգանում է կայծակնային արագությամբ, և այն մեթոդաբանությունը, որը կիրառելի էր ոչ միայն մի քանի տասնամյակ, այլ նույնիսկ մի քանի տարի առաջ, այլևս արդյունավետ կարող է չլինել կոնկրետ բնագավառում կրթության ու գիտության զարգացման համար։

-Մասնավորապես իրավական կրթության զարգացման առումով ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել։

-Այն մեթոդաբանությունը, որի վերաբերյալ խոսեցի, կիրառելի է նաև իրավական կրթության ու գիտության զարգացման առումով՝ բնականաբար նկատի ունենալով այն օրինաչափություններն ու առանձնահատկությունները, որոնք բնորոշ են այդ բնագավառի առնչությամբ ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող լուծումներին։

-Մեր իրավական կրթությունն ու գիտությունը մրցունա՞կ են այսօրվա աշխարհում։

-Չեմ կարող հարցին միանշանակ դրական պատասխան տալ։ Եթե խոսում ենք ընդհանուր համակարգի մասին, ապա վերջինս ունի լրջագույն վերաիմաստավորման և վերափոխման կարիք՝ իմ կողմից արդեն հիշատակված տրամաբանությամբ։ Եթե խոսում ենք առանձին անհատների մասին, ապա կան առանձին քիչ թվով մասնագետներ, որոնք տեսանելի են աշխարհում որպես կոնկրետ բնագավառի պրոֆեսիոնալ ներկայացուցիչ։ Դա միանշանակ նպաստում է հայ իրավական միտքը աշխարհին տեսանելի դարձնելու առումով։ Բայց դա, որպես կանոն, այդ մասնագետների անձնական լրջագույն պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքն է և ոչ համակարգերի առավելագույն կայացվածության։ Բնականաբար, խոսքն այն մասին չէ, որ ընդհանրապես գոյություն չունեն ձևավորված և գործող համակարգեր։ Խոսքն այն մասին է, որ ժամանակակից աշխարհում մրցունակ լինելու համար բավարար չէ ընդամենը համալսարաններ կամ գիտական կենտրոններ ունենալը կամ նվազագույն չափանիշներին դրանց բավարարելը։ Մեր հիմնական ռեսուրսն աշխարհում կարող է լինել հենց կրթությունն ու գիտությունը։ Իսկ այսօր աշխարհում եղած լուրջ կրթական և գիտական կենտրոնների համատեքստում մենք տեսանելի հաջողության կարող ենք հասնել ոչ թե նվազագույն չափանիշներ բավարարելու, այլ առավելագույն քայլեր ձեռնարկելու պարագայում։ Ուստի մեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի արդեն իսկ քննարկված տրամաբանությամբ իրավական կրթության և գիտության համակարգի զարգացումը։

-Դուք զբաղվում եք նաև միջազգային փորձագիտական, գիտահետազոտական գործունեությամբ, այն քիչ  մասնագետներից եք, ում աշխատանքները տպագրվում են ոչ միայն Հայաստանում կամ որևէ կոնկրետ երկրում, այլ ունեք ռուսալեզու, անգլալեզու հրապարակումներ աշխարհի տարբեր երկրներում։ Բա՞րդ է մեր իրավական կրթության և գիտության պայմաններում նման միջազգային գործունեություն ծավալելը։

-Բարդություններ գոյություն ունեն միշտ և ամենուր։ Բայց դրանց մասին խոսել չեմ սիրում։ Բնականաբար, կայացած իրավական կրթության և գիտության համակարգ ունեցող պետություններ ներկայացող մասնագետների համար տարբեր պատճառներով շատ ավելի դյուրին է միջազգային ասպարեզում տեսանելի լինելը, տարբեր գործընթացների մասնակից դառնալը։ Ուստի ես ինձ հպարտ եմ զգում բոլոր այն իրավիճակներում, երբ այդ պայմաններում մեր մասնագետներին եւս հաջողվում է ճանաչելի լինել միջազգային ասպարեզում, հեղինակություն ձեռքբ բերել և տարբեր գործընթացների մասնակից դառնալ։ Դա ոչ միայն անհատական հաջողություն է դառնում, այլ մեր պետության կրթական և գիտական համակարգն է աշխարհին տեսանելի դարձնում։ Ուստի շատ եմ կարևորում, որպեսզի մենք կարողանանք ձևավորել աշխարհում մրցունակ կրթական և գիտական համակարգ։ Ավելին, այս փուլում արդեն իմ միջազգային փորձագիտական, գիտահետազոտական գործունեությունը որոշակիորեն փորձում եմ ծառայեցնել նաև այդ նպատակին։ Ինչ վերաբերում է իմ աշխատանքների հրատարակման լեզուներին և տարածաշրջաններին, նշեմ, որ բացի անգլալեզու և ռուսալեզու հրապարակումներից, ունեմ նաև աշխատանքներ, որոնք գիտական և ուսումնական նպատակներով թարգմանվել են գերմաներեն, վրացերեն, ուկրաիներեն և այլ լեզուներով ու տպագրվել են տարբեր երկրներում։ Այդ առումով անչափ կարևորում եմ ոչ միայն տարածաշրջանային սփռվածությունը, այլ նաև այն, որ աշխատանքներիս մեծամասնությունը տեղ է գտել միջազգային գիտական հրատարակություններում, որոնք հասանելի են ամենահայտնի գիտական որոնողական համակարգերում։

-Ինչպիսի՞ն պետք է լինի մրցունակ իրավաբան գիտնականի կերպարը այսօրվա աշխարհում։

-Իմ խորին համոզմամբ, իրական գիտնականի կերպարը պետք է միավորի հետևյալ կարևոր հատկանիշները՝ բացառիկ պրոֆեսիոնալիզմ, անաչառություն, անկախություն, մեծահոգություն, ուղղամտություն, արդարամտություն, վճռականություն, լայն աշխարհայացք, մասնագիտական էթիկայի և պատասխանատվության զգացողություն և այլն։ Ինքս մշտապես փորձում եմ հավատարիմ մնալ նշված հատկանիշներին և իմ մեջ անընդհատ  զարգացնել դրանք։

-Դա՞ է Ձեր հաջողության գաղտնիքը։

-Կարծում եմ՝ այո՝ ավելացրած այն, որ իմ ցանկացած գործունեությանն ու ինձ շրջապատող միջավայրին վերաբերվում եմ մեծ սիրով։

– Հայաստանում այս ոլորտը` իրավաբանության մասով ինչպե՞ս կգնահատեք։

-Բնականաբար, մենք ունենք առանձին մասնագետներ, որոնք ունեն իմ կողմից հիշատակված հատկանիշները։ Ես հպարտանում եմ իմ այդ գործընկերներով։ Սակայն տվյալ պարագայում խոսում եմ առանձին անհատների մասին։ Ինչ վերաբերում է գիտական աստիճան ունեցող մասնագետների մեծամասնությանը, ապա ձեռնպահ կմնամ այդ առնչությամբ դատողություններ անելուց։ Մարդկանց եւ երեւույթների մասին, որպես կանոն, խոսում եմ կամ հիացմունքով, կամ ընդհանրապես չեմ խոսում։