Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում շարունակվեց Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:

Այսօվա նիստի ժամանակ դատարանին պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն ներկայացրեց Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ կալանավորումը փոխելու մասին:

Դատավորը միջնորդությունը բավարարեց և Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը ստորագրությամբ փոխարինելու մասին որոշում կայացրեց։

Հավելենք, որ ավելի քան մեկուկես տարի կալանավորված Անդրիաս Ղուկասյանը բազմիցս նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը անհիմն է և չի համապատասխանում իրականությանը:

Նրա պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանը և Կարեն Մեժլումյանը նույնպես հերքել են առաջադրված մեղադրանքը և դատարանին խափանման միջոցը վերացնելու կամ գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացրել, սակայն մեղադրող դատախազը առարկել է վերոնշյալ միջնորդությունների դեմ՝ անհիմն համարել, իսկ արդյունքում՝ դատարանը միջնորդությունները մերժել է:

Խափանման միջոցը չփոփոխելու վերաբեյալ փաստաբանները բազմիցս նշել են, որ բացակայում են այն հիմնավորումները, որոնք պետք է ապացուցեին, որ Անդրեաս Ղուկասյանը ազատության մեջ գտնվելով կարող է խոչընդոտել գործի արդար քննությանը։

Նշենք նաև, որ գործի մեջ ներգրավված են 36 տուժող և 40 վկա: Վկաների և տուժողների գերակշիռ մասը կազմում են ոստիկանության աշխատակիցներ, ինչպես նաև կա անչափահաս վկա: Տեղի ունեցած դատական նիստերի ժամանակ վկայություն տվող ոստիակնության աշխատակիցնեցրից մի քանիսը նշել են, որ դեպքի օրը՝ 2016թ. հուլիսի 29-ին մեղադրյալ Անդրիաս Ղուկասյանին Սարի թաղում չեն տեսել:

Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով, այն է՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում։

Նա մեղադրվում է Սարի թաղի դեպքերի գործով։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած զինված խմբի: Սակայն, ըստ դատախազության՝ Անդրիաս Ղուկասյանը իր մտադրությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ պատճառներով:

Մանրամասները տեսանյութում՝

Ավելի շատ տեսանյութեր կարող եք դիտել մեր youtube-յան պաշտոնական կայքում: