Դավիթաշենում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու համար հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է կատարվում՝  Դավթաշենում մահվան պատճառ դարձած  պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2017 թվականի օգոստոսի 2-ի երեկոյան Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի տներից մեկի բակում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ Ա.Եփրեմյանը՝ ծնված 1997թ. և Ն.Եփրեմյանը՝ ծնված 1985թ։ Վերջինս բժշկական կենտրոնում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է  հրետանային արկ 620 մմ երկարությամբ 120 մմ տրամաչափի, ևս մեկ արկ՝ մասնատված երկու կտորի, էլեկտրական սարքի փաթույթ պղինձե գալարներով:

Վերցվել են փորձանմուշներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական-հետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ