Բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. Քննչական կոմիտե

04025ՀՀ քաղաքացի Լևոն Բունիաթյանի սպանության դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել են սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հոկտեմբերի 11-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում գտնվող ռուսական զորամասի հարևանությամբ՝ գնացքի գծերի մոտ, հայտնաբերվել էր Լևոն Բունիաթյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ սպանությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, տաքսի ավտոմեքենայի մեջ: Առերևույթ հանցագործություն կատարած անձը (ողևոր) կրակել է իր հետ նույն տաքսի ավտոմեքենայի սրահում գտնվող Լևոն Բունիաթյանի գլխի շրջանի ձախ քունքային մասին՝ նրան ապօրինաբար զրկելով կյանքից:

Այնուհետև նույն տաքսի ավտոմեքենայով Լ.Բունիաթյանի դին տեղափոխել է Ծարավ Աղբյուրի փողոցի հարևանությամբ տեղակայված զորամասին հարող տարածք և թողել գնացքի գծերի մոտ, որտեղ ևս մեկ ստուգողական կրակոց է արձակել Լ.Բունիաթյանի ծոծրակային հատվածին և նստելով նույն տաքսի ավտոմեքենան` հեռացել:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` առերևույթ հանցագործություն կատարած անձը ներգրավվել է որպես մեղադրյալ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ