Լյուբով Փիլոյանն ընդդեմ Հայաստանի

Գործը վերաբերում է գերակա շահով պայմանավորված սեփականության օտարմանը։ Հայաստանի կառավարությունը ընդունել է մի որոշում, որն առնչվում է Երևանի կենտրոնի կառուցապատման ընթացքում թույլ տրված իրավախախտումներին։ Կառավարությունը որոշել է ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Լյուբով Փիլոյանի հողատարածքը։ Վերջինս Արամի 38 հասցեում գտնվող իր անշարժ գույքից զրկվել էր «Երևանի կենտրոնի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի» միջև կնքված համաձայնությունից հետո։ Քանի որ Փիլոյանը զրկվել էր իր տարածքից, և նրան նույն հասցեում կառուցապատման իրավունքով տրամադրվել էր 332 քառակուսի մետր հողամաս, կնքվել հողամասի վարձակալության պայմանագիր, որը, սակայն, նոտարական վավերացման չի ենթարկվել: Փաստորեն, քաղաքացին հատուցում չէր ստացել։ Հետագայում հողամասը վաճառվել է «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ին։ Մոտ 15 տարի տևած դատական վեճը հասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և Կառավարությունը Փիլոյանին առաջարկել է բարեկամական կարգավորման գնալ։ 

Դիմումատուն՝ Լյուբով Փիլոյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1940 թվականին և բնակվում է Երևանում: Համաձայն 2005 թվականի դեկտեմբերի 16-ի Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վերջնական վճռի՝ Դիմումատուին շինթույլտվությամբ հողամաս պետք է հատկացվեր։ Դիմումատուի բողոքները՝ վճիռը չիրագործվելու վերաբերյալ, համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի, ներկայացվել են ՀՀ Կառավարությանը։ 

2020 թվականի դեկտեմբերի 17-ին Կառավարությունն ընդունել է թիվ 2074՝ «Լյուբով Փիլոյանին պատկանող հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» որոշումը: Որոշման համաձայն, Կառավարությունը Լյուբով Փիլոյանին պատկանող Երևանում Արամի 38 հասցեում գտնվող 332․6 քմ հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին որոշում է կայացրել՝ սահմանելով 1 քմ-ի դիմաց 60.000 ՀՀ դրամ: 

Հիմք ընդունելով Կառավարության թիվ 2074 որոշումը, Երևանի քաղաքապետի և Դիմումատուի միջև ուղղակի վաճառքի պայմանագիր պետք է ստորագրվի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը: 

Ըստ ՀՀ Կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի՝ Կառավարությունը պարտավորվելու է ապահովել խնդրի բարեկամական սկզբունքով կարգավորումը, և օտարման մասին պայմանագրի կնքումը դառնալու է գործի վերջնական լուծում։ 

2020 թվականի դեկտեմբերի 25-ին Դատարանը ստացել է Դիմումատուի ներկայացուցչի՝ Արթուր Գրիգորյանի կողմից պատշաճ կերպով ստորագրված հայտարարագիր, որտեղ նաև նշվում է, որ Դիմումատուն նույնպես ընդունում է առաջարկը և հրաժարվում է հետագա հայցերից ընդդեմ Հայաստանի՝ կապված այն փաստերի հետ, որոնք հիմք են հանդիսացել սույն գանգատի ներկայացման համար: Դիմումատուն հաստատում է, որ իր և Երևանի քաղաքապետի միջև պայմանագրի կնքումը կդառնա գործի վերջնական լուծում։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 38-րդ հոդվածի համաձայն․

1. Եթե Դատարանը գանգատը հայտարարում է ընդունելի, նա՝

ա. նախաձեռնում է գործի քննությունը կողմերի կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ և, եթե անհրաժեշտ է, իրականացնում է հետաքննություն, որի արդյունավետ իրականացման համար գործին առնչվող պետություններն ապահովում են անհրաժեշտ բոլոր պայմանները,

բ. իր ծառայությունն է տրամադրում գործին առնչվող կողմերին՝ սույն Կոնվենցիայով և նրա Արձանագրություններով սահմանված իրավունքների պահպանման հիման վրա հարցի բարեկամական կարգավորումն ապահովելու նպատակով։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 39-րդ հոդվածի համաձայն․

Բարեկամական կարգավորման դեպքում Դատարանը գործը հանում է իր ցուցակից՝ կայացնելով որոշում, որում տրվում է փաստերի և ձեռք բերված լուծման հակիրճ շարադրանքը։ 

ՄԻԵԴ-ը հաշվի է առել խնդրի բարեկամական սկզբունքով կարգավորումը, որի մասին կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն: ՄԻԵԴ-ը վճռել է, որ գործի կարգավորումը չի հակասում մարդու իրավունքներին, որոնք սահմանված են Կոնվենցիայում և Արձանագրություններում։ ՄԻԵԴ-ը որոշել է, որ ներկայացված բողոքի քննությունը շարունակելու որևէ հիմք չկա: 

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 37-րդ հոդվածի համաձայն․

1. Դատարանը քննության ցանկացած փուլում կարող է որոշել գանգատը հանել գործերի ցուցակից, եթե հանգամանքները հանգեցնում են այն եզրակացության, թե՝

ա. դիմողը մտադիր չէ հետամուտ լինել իր գանգատին,

բ. վեճն արդեն կարգավորվել է,

գ. Դատարանի կողմից հիմք ընդունված որևէ այլ պատճառով գանգատի քննությունը շարունակելն արդարացված չէ:

Հաշվի առնելով վերը նշվածը, ՄԻԵԴ-ը նպատակահարմար է գտել գործը հանել ցուցակից: Այսպիսով, Դատարանը միաձայն որոշում է կայացրել բողոքը հանել գործերի ցուցակից՝ համաձայն Կոնվենցիայի 39-րդ հոդվածի: