Ալգյուլը և ուրիշներն ընդդեմ Թուրքիայի

Դիմումատուները՝ Իլյաշ Ալգյուլը, Ջեբրաիլ Ալգյուլը, Ջեմ Ալգյուլը, Միխայիլ Ալգյուլը, Զուլալ Ալգյուլը, Զեյնեփ Ավջին և Այշե Չիչեքը, ծնվել են 1959 թվականից մինչև 1996 թվականն ընկած ժամանակահատվածի տարբեր տարեթվերին, բնակվում են Թուրքիայի Մալաթիա նահանգում։ Գործը վերաբերում է 7 Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ժամանակ իրենց ազգականի մահվան դեպքին։

2005 թվականի սեպտեմբերի 28-ին Դիմումատուների ազգականը՝ Էրոլ Ալգյուլը, Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ժամանակ հայտնաբերվել է զորամասի շինության փլատակների տակ։ Էրոլ Ալգյուլը մահացել է Շանլըուրֆա նահանգի Պետական հիվանդանոցում՝ զորամասում իր վրա շինության փլուզման և փլատակների տակ մնալու ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Իշխանությունների նախաձեռնությամբ քրեական հետաքննություն է սկսվել։ 

2008 թվականի հոկտեմբերի 31-ին Դիարբեքիր քաղաքի Զինվորական դատախազությունը հրաժարվել է Դիմումատուների մահացած ազգականի մահվան դեպքը քննելու իր իրավասությունից և փոխանցել է գործը և դրա վերավերյալ բոլոր նյութերը Շանլըուրֆա նահանգի Դատախազությանը։ Սակայն Դատախազությունը նույնպես հրաժարվել է գործի քննությունից և վերադարձրել է գործի նյութերը Զինվորական դատախազությանը։ 

2009 թվականի մայիսի 6-ին Զինվորական դատախազությունը նորից հրաժարվել է զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունից։ Դիմումատուները բողոքել են Դատախազության կայացրած որոշման դեմ։ Ի վերջո, Զինվորական դատախազությունը սկսել է գործի քննությունը։ 

2012 թվականի հուլիսի 2-ին Դիարբեքիր քաղաքի Զինվորական դատախազությունը Դիմումատուների ազգականի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հետաքննությունը դադարեցնելու մասին որոշում է կայացրել՝ դեպքի համար պատասխանատու անձանց և մեղավորներին որոշելու անհնարինության հիմքով։ 2012 թվականի օգոստոսին սույն գործով հետաքննությունը վերսկսվել է և 2015 թվականի օգոստոսի 6-ին ավարտվել է՝ Դատախազության կարգադրությամբ։ Այնուհետև, Դիմումատուները բողոք են ներկայացրել Դատախազության կողմից կայացված որոշման դեմ, սակայն 2015 թվականի օգոստոսի 13-ին Թուրքիայի Զինվորական գործերով դատարանը մերժել է Դիմումատուների ներկայացրած բողոքը։ 

2014 թվականի հուլիսին 7 Դիմումատուները հայց են ներկայացրել Ռազմական գերագույն վարչական դատարան՝ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ժամանակ իրենց ազգականի մահվան դեպքի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման պահանջի վերաբերյալ։ 

Ներկայում վարույթը շարունակվում է։ 7 Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում։ Դիմումատուները բողոքել են պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ժամանակ իրենց ազգականի կասկածելի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հետաքննության ընթացակարգի խախտումների մասին։ Դիմումատուները բողոքել են, որ Թուրքիայի իշխանությունները, քննչական մարմինները և դատական ատյանները չեն բացահայտել զինվորի մահվան դեպքի մանրամասները և պատասխանատվության չեն ենթարկել մեղավորներին։ Այնուամենայնիվ, Դիմումատուներն արդարացի փոխհատուցման պահանջ չեն ներկայացրել։ Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում։