«Ֆիլ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի

Դիմումատուն՝ «Ֆիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, հիմնադրվել է 2007 թվականին։ Ընկերության գրասենյակը գտնվում է քաղաք Երևանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր կատարած շինարարական աշխատանքների համար վճարման ենթակա գումարի բռնագանձման պահանջին։

2007 թվականի մայիսի 7-ին Դիմումատու Ընկերությունը ծառայությունների մատուցման Պայմանագիր է կնքել մեկ այլ ընկերության (այսուհետ՝ Հաճախորդ) հետ, որի համաձայն՝ Դիմումատու Ընկերությունը պարտավորվել է շինարարական աշխատանքներ իրականացնել Պայմանագրով նախատեսված տարածքում: Դիմումատու Ընկերությունը կատարել է Պայմանագրով սահմանված իր պարտականությունները, սակայն Հաճախորդը հրաժարվել է վճարել իրեն մատուցված ծառայությունների գումարը։

2008 թվականի հունվարի 18-ին  Դիմումատու Ընկերությունը հայց է ներկայացրել Դատարան՝ իր կատարած շինարարական աշխատանքների համար վճարման ենթակա գումարը Հաճախորդից բռնագանձելու պահանջով։ Նույն թվականի հունվարի 21-ին Դիմումատուի ներկայացրած հայցի հիման վրա վարույթ է հարուցվել։ Գործի շրջանակներում ներպետական դատական ատյանները հինգ շինարարատեխնիկական փորձաքննություն են նշանակել։ Այնուամենայնիվ, փորձաքննության իրականացումը բազմիցս հետաձգվել է՝ համապատասխան ոլորտի փորձագետի բացակայության, ինչպես նաև՝ Ընկերության կողմից շինարարական աշխատանքներ իրականացրած տարածք մուտք գործելու անհնարինության և այլ պատճառներով:  Փորձաքննությունների եզրակացությունները Դատարան են ներկայացվել մի քանի տարի անց՝ 2015 թվականին։ Այսպիսով, սույն գործի քննությունը երկարաձգվել է մինչև 2017 թվականը՝ տևելով 9 տարի և 2 ամիս: 2017 թվականին Դատարանը մասնակի բավարարել է Դիմումատուի ներկայացրած պահանջը։

2013 թվականի մարտի 3-ին «Ֆիլ» ՍՊԸ-ն բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում և 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում։ Դիմումատու Ընկերությունը բողոքել է իր ներկայացրած հայցի հիման վրա հարուցված քաղաքացիական գործով դատավարության չափազանց երկար ժամկետի մասին և 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված  խախտման առնչությամբ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայության մասին։ Իր գործով դատավարությունը երկարաձգելու համար Դիմումատուն Կառավարությունից պահանջել է 4․000 եվրո գումարի չափով փոխհատուցում։

ՄԻԵԴ-ը պարզել է, որ սույն գործի քննությունը երկարաձգվել է ներպետական դատական ատյանների մեղավորությամբ, որոնք ինը տարիների ընթացքում նշանակված հինգ փորձաքննություններից իրականացրել են միայն մեկը և չեն ապահովել սեփական հանձնարարականների անհապաղ կատարումը։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատու Ընկերության նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում և 13-րդ հոդվածի խախտում։

ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հայաստանը պարտավոր է Դիմումատուի Ընկերությանը պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 2․400 եվրո գումարի չափով փոխհատուցում և 2․000 եվրո՝ դատական ծախսերի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։