Ռամազյանն ընդդեմ Հայաստանի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վեց վճիռ է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ՝ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության դեմ ներկայացված վեց առանձին բողոքների առնչությամբ։ Մասնավորապես՝ գործերը վերաբերում են Թեղուտի հանքավայրի շահագործման համար քաղաքացիներից գյուղատնտեսական նշանակության հողատարածքները հասարակության և պետության կարիքների համար հարկադրաբար օտարելու մասին որոշմանը: ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ վեց գործերով բոլոր Դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում: Ստորև ներկայացնում ենք առաջին գործի մանրամասները։

Դիմումատուները՝ Ժորա Ռամազյանը և Արկադի Ռամազյանը, հայր և որդի են, ծնվել են համապատասխանաբար 1939 և 1976 թվականներին, բնակվում են Հայաստանի Լոռու մարզի Շնող գյուղում։ Դիմումատուները բողոք են ներկայացրել ՄԻԵԴ 2010 թվականի սեպտեմբերի 14-ին։


1970-ական թվականներին Հայաստանի Թեղուտ և Շնող գյուղերից համապատասխանաբար մոտ 4 և 6 կմ հեռավորության վրա պղնձամոլիբդենի պաշարներ են հայտնաբերվել: 2001 թվականին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն 25 տարով տվյալ հանքի շահագործման արտոնագիր է ստացել: 2007 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ կառավարությունն ընդունել է 1279-Ն (ՀՀ Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին) որոշումը։ Որոշման համաձայն՝ Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքները համարվել են սեփականազրկված գոտիներ և նախատեսվել է դրանք օգտագործել պետության կարիքների համար:

Վերոհիշյալ որոշման համաձայն՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն կամ «Թեղուտ» ՓԲԸ-ն պատրաստվել են գնել բռնակցման ենթակա ցանկում ներառված հողատարածքները:Այսպիսով, «Թեղուտ» ՓԲԸ-ն Դիմումատուներին առաջարկել է 870 550 դրամով գնել նրանց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը: Սակայն Դիմումատուները հրաժարվել են իրենց առաջարկվող չափազանց ցածր գումարից։

2008 թվականին ընկերությունը Դիմումատուների դեմ հայց է ներկայացրել Դատարան՝ Դիմումատուներին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքմանը պարտադրելու և նրանց պատկանող հողատարածքը պետական և հասարակական կարիքների համար համարժեք փոխհատուցմամբ օտարելու պահանջով: 2008 թվականի նոյեմբերի 28-ին Լոռու մարզի դատարանը բավարարել է «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայացրած հայցը և Դիմումատուներին փոխհատուցում է հատկացրել`1․193․700 ՀՀ դրամ (մոտ 2․595 եվրո) գումարի չափով։ Դիմումատուները բողոք են ներկայացրել Դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն, ապարդյուն։

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում և 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում։ Մասնավորապես՝ Դիմումատուները բողոքել են իրենց պատկանող հողատարածքի արժեքը սխալ գնահատելու և դրա նկատմամբ սեփականության իրավունքից իրենց զրկելու որոշման մասին: Դիմումատուներն իրենց բողոքի մեջ նշել են, որ Հայաստանի ներպետական դատական ատյանները հավուր պատշաճի չեն կատարել իրենց պարտականությունները և փորձաքննություն չեն նշանակել՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքի իրական շուկայական արժեքը որոշելու համար։ Բացի այդ, Դիմումատուները բողոքել են, որ գույքի գնահատման գործընթացն իրականացվել է իրենց բացակայության պայմաններում, ինչի պատճառով իրենք չեն կարողացել ներկայացնել իրենց առարկությունները:


Դիմումատուներն ընկերությունից 106․182 եվրո գումարի չափով նյութական վնասի և 10․000 եվրո բարոյական վնասի փոխհատուցում են պահանջել: Բացի այդ, նրանք հավելյալ 5․400 եվրո փոխհատուցում են պահանջել՝ դատական ծախսերի համար: Սակայն ՀՀ կառավարությունը պնդել է, որ Դիմումատուների պահանջած գումարը չափազանցված է:

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կովենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։ Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հայաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուներին վճարել 10.400 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։