Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների և ակնկալվող արդյունքների, կադաստրի համակարգի վերջին շրջանի ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի, ինչպես նաև առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին:
Կոմիտեի նախագահը, մասնավորապես, ներկայացրել է իրականացվող կառուցվածքային բարեփոխումների, քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների ուղղությամբ իրականացված աշխատանքները, հավաքագրված գումարների և կատարված ծախսերի, անշարժ գույքի շուկայում կայունացման միտումների մասին տեղեկատվություն: Այս համատեքստում Մարտին Սարգսյանը զեկուցել է նաև անշարժ գույքի վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ տվյալների բազայի ձևավորման, առցանց էլեկտրոնային ծառայությունների ավելացման, մատուցվող ծառայությունների ընդլայնման ու սպասարկման որակի առավել բարելավման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող քայլերը՝ կարևորելով նշված ուղղությունների զարգացման նպատակով էլեկտրոնային արդի ծրագրերի ներդրումը, ինչը կնպաստի նաև այլ ոլորտների հետ կապի ամրապնդմանն ու համատեղ միջոցառումների ձեռնարկմանը:
Կադաստրի պետական կոմիտեի նախագահը Հանրապետության Նախագահին ներկայացրել է ավարտման փուլում գտնվող Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև կոմիտեի գեոպորտալի՝ թվային առցանց աշխատող հարթակի ստեղծումը, որը պարունակում է աշխարհագրական տարածական տվյալներ և օժտված է վերլուծական ու որոնման համապատասխան գործիքակազմով: Այդ հարթակում ներառվել են շահառու ՀՀ պետական կառավարման մարմինները, ինչպես նաև գծային ենթակառուցվածքներ տնօրինող կազմակերպությունները:
Մարտին Սարգսյանը նշել է, որ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է առաջիկա տարիներին կադաստրի պետական կոմիտեի համակարգում ստեղծել ՀՀ միասնական երկրատեղեկատվական համակարգ, որը կներառի բոլոր քաղաքների բազային հիմքի (այդ թվում՝ տեղագրական քարտեզների, վարչատարածքային սահմանների, անշարժ գույքի, ջրագրության, ռելիեֆի, գծային ենթակառուցվածքների և այլն) ստեղծումը:
Զեկուցվել է նաև ՀՀ Նախագահի նախորդ հանձնարարականների հիման վրա կոմիտեի կողմից իրականացվող Սևանա լճի ափամերձ տարածքների երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ընթացքը, որը ներառում է 1900-1905 մետր բարձրության վրա գտնվող տարածքների տեղանքի և ռելիեֆի թվային մոդելի ձևավորումը: Նկատի ունենալով, որ դրա համար օգտագործվել է 2010 թվականի դրությամբ առկա հանութագրման նյութը, ըստ Մարտին Սարգսյանի, ներկայումս «Սևան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի հետ աշխատանքներ են տարվում 2010-2017թթ. փոփոխությունները վերոնշյալ համակարգում ներառելու ուղղությամբ: Կոմիտեի Նախագահը հավաստիացրել է, որ նախատեսված աշխատանքները հնարավորություն կտան հետագայում հնարավորինս ճշգրիտ կանխատեսումներ իրականացնել Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացող առափնյա խնդիրների վերաբերյալ:
Զեկույցի հիման վրա հանձնարարվել է կառավարությանը ձևավորել շահագրգիռ մարմիններից կազմված միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ հանրապետության ողջ տարածքի քարտեզագրման աշխատանքների ճշգրտման և դրան զուգահեռ հողային ֆոնդի ամբողջական մոնիտորինգի իրականացման նպատակով՝ ժամանակացույցի և համապատասխան ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը:
Միաժամանակ, կադաստրի տվյալների միասնական էլեկտրոնային բազայում առկա իրավունքի սուբյեկտների տվյալների լիարժեքությունն ապահովելու նպատակով հանձնարարվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ սեղմ ժամկետներում ամբողջականացնել համայնքներից ստացվող անհրաժեշտ տեղեկատվությունը:
Մատուցվող ծառայությունների ընդլայնման և սպասարկման որակի հետագա բարելավման նպատակով ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է արտաքին գործերի նախարարի հետ համատեղ քննարկել ՀՀ հյուպատոսական հիմնարկներում կադաստրի սպասարկման գրասենյակներին բնորոշ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ միջոցների ստեղծման հնարավորությունները՝ համապատասխան իրավական կարգավորումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով կառավարության քննարկմանը:
ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է նաև միջոցներ ձեռնարկել շուկայական գնահատման գործունեությունը կարգավորող օրենսդրության կատարելագործման ուղղությամբ՝ մեծացնելով գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը: