Չափինն ընդդեմ Թուրքիայի

Դիմումատուն՝ Մեհմեթ Աթիլլա Չափինը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1958 թվականին, բնակվում է Նյու Յորքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր կենսաբանական հոր ինքնությունը պարզելու ջանքերին: Երբ Դիմումատուի մայրը երկրորդ անգամ ամուսնացել է մի զինվորի հետ, Դիմումատուին 4 տարեկան հասակում տեղափոխել են մանկատուն։ Բնակվելով արտերկրում՝ Դիմումատուն միշտ համոզված է եղել, որ հայրը՝ մոր առաջին ամուսինը, մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում: 2003 թվականին Դիմումատուն մեկնել է Թուրքիա և բարեկամներից տեղեկացել է, որ իրականում ծնվել է արտամուսնական կապից, և նրա կենսաբանական հայրը՝ Իսմաիլ անունով անձը, ողջ է և բնակվում է Շվեյցարիայում։

Ենթադրելով, որ Իսմաիլն է իր հայրը՝ 2003 թվականին 45-ամյա Դիմումատուն հայրության ճանաչման պահանջի վերաբերյալ գործ է նախաձեռնել։ Սակայն, Իսմաիլն առարկություն է ներկայացրել հայրության ճանաչման հայցի դեմ։ Նա պնդել է, որ նման հայց ներկայացվել է նաև Դիմումատու Չափինի մոր կողմից 1958 թվականին, սակայն, մերժվել է դատարանի կողմից։ Ուստի՝ այդ վճիռը ստացել է օրինական ուժ և հանդիսացել է վերջնական ակտ:

2005 թվականին մահացել է Դիմումատուի ենթադրյալ հայրը։ Գործին շարունակել են մասնակցել վերջինիս որդիները։ Հարկ է նշել, որ Իսմաիլը խոշոր ձեռնարկատեր է եղել, և վերջինիս ընտանիքի անդամները պնդել են, որ Դիմումատուն ցանկանում է  պարզապես ժառանգություն ստանալ։ Հաշվի առնելով Դիմումատուի բարեկամների տված ցուցմունքները և քննելով Իսմաիլի կնոջ և որդիների կողմից ներկայացված միջնորդությունը, Թուրքիայի առաջին ատյանի դատարանը մերժել է հայրության ճանաչման պահանջի մասին դիմումը՝ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով (Թուրքիայի քաղաքացիական օրենսգրքի 303 հոդված):

Դիմումատուն բողոքել է դատարանի կայացրած որոշման դեմ՝ նշելով, որ տեղյակ չի եղել իր կենսաբանական հոր գոյության մասին մինչև 2003 թվականը։ Դիմումատուն նշել է, որ իր ենթադրյալ հոր ունեցվածքից բաժնեմաս պահանջելու մտադրություն չունի, և միայն ցանկանում է պարզել իր կենսաբանական հոր ինքնությունը։ Դիմումատուն դատարանում պնդել է, որ հոր մասին տեղեկություն ստանալը և հայրության ճանաչման իրավունքը չպետք է սահմանափակվի ժամանակով:

2009 թվականին Վճռաբեկ դատարանը մերժել է Դիմումատուի բողոքը, քանի որ Դիմումատուն հիմնավոր պատճառ չի ներկայացրել սույն գործով հայցային վաղեմության ժամկետը բաց թողնելու համար։

Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)՝ 2009 թվականին Դիմումատուն բողոքել է, որ հայրության ճանաչման պահանջի վերաբերյալ հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետի պատճառով զրկվել է կենսաբանական հոր ինքնության մասին ճշմարտությունը պարզելու հնարավորությունից։ Հետագայում, Դիմումատուն հայրության ճանաչման գործով դատավարության վերսկսման վերաբերյալ Անկարայի Ընտանեկան հարցեր քննող 9-րդ դատարան հայց է ներկայացրել։

Սույն գործով ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում և արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Թուրքիան պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 5․000 եվրո գումարի չափով փոխհատուցում։