Ապօրինի ծառահատումներ Դսեղ գյուղում

ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում նախապատրաստված նյութերը, որոնցով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության անտառապետ Ս. Վ.-ի անմիջական հանձնարարությամբ, Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Ս. Թ.-ն 2017 թվականի օգոստոսի 3-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության թիվ 2 պահաբաժնի տարածքում ապօրինի հատել է  4 հատ լորենի և 1 հատ հաճարենի տեսակի ծառեր: Ապօրինի հատման հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է 457.500 ՀՀ դրամ:

Պարզվել է նաև, որ նույն անտառապետի համաձայնությամբ, Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Վ. Հ.-ը, Դսեղի անտառպետության 2-րդ պահաբաժնի տարածքում ապօրինի հատել է  3 հատ լորենի, 1 հատ կաղնի տեսակի ծառեր, ինչի հետևանքով պատճառվել է 531.000 ՀՀ դրամի չափով վնաս:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նույն պահաբաժնի տարածքում դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով հատվել են նաև 21 հատ լորենի, 6 հատ հաճարենի, 2 հատ բոխի և 1 հատ հացենի տեսակի ծառեր: Նշված ծառերի ապօրինի հատման հետևանքով պատճառված վնասը կազմել է 3.126.000 ՀՀ  դրամ:

Նկատի ունենալով, որ նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անտառային ֆոնդի տարածքում գտնվող ծառերի ապօրինի հատում կատարելու վերոհիշյալ դեպքերի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասով:

Քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը: