«Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի անդամները և մի խումբ անհատ տաքսու վարորդներ այսօր բողոքի հավաք են անցկացրել խորհրդարանի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ ԱԺ խմբակցություններից պահանջելով միջնորդել կառավարությանը վարորդների լիցենզավորման համար կուտակված գումարները զրոյացնելու առնչությամբ:
Վարորդների խոսքով, խնդիրը լիցենզավորման ենթակա 12 հազար դրամ վճարն է, որը չվճարելու պատճառով վարորդները տուգանվել են 50-հազարական, ոմանք` 500 հազար դրամով:
Վարորդները պնդում են, որ, թեև պետությունը պարտավոր է չվճարելու դեպքում 2 ամիս անց ծանուցել այդ մասին, իրենք որևէ ծանուցում պարտքերի մասնին չեն ստացել :
Օրենքի համաձայն տուգանքների մասին ծանուցվում է եռօրյա ժամկետում` իրավաբանական անձի կամ անհատ ձեռներեցի գրանցման հասցեով: Գրավոր ծանուցմանը համազոր են նաև Ազդարար.ամ կայքում հրապարակված ծանուցումները:
Վարորդները վրդովվում են, թե ինչո՞ւ միանգամից չեն կասեցրել իրենց լիցենզիաները, և թույլ են տվել` պարտքեր կուտակվեն:
Օրենքով սահմանված է լիցենզիայից զրկելու կարգը: Սակայն, պետական տուրքը չվճարելը լիցենզիայից զրկելու իրավաչափ պատճառ չէ: Իսկ պետական տուրքը չվճարելու պարագայում, վարորդների տույժն ավելանում է տուրքի գումարի 0,5%-ով` օրական:
Հավաքի մասնակիցներն ակնկալում են պատգամավորների օգնությամբ հարցին լուծում տալ:
Երկու խմբակցություններից` Ելք և Ծառուկյան դաշինքներից, լսեցին հավաքվածներին ու խոստացան <<բուժում>> գտնել: