ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարկել է Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը` արձանագրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում: Գործով որպես Դիմումատուի ներկայացուցիչ հանդես է եկել փաստաբան Արա Ղազարյանը և Արտակ Զեյնալյանը: 

Դիմումատուն հանգուցյալ Ալբերտ Մկրտումյանի այրին է, ծնվել է 1941 թվականին, բնակվում է Երևանում։ Ալբերտ Մկրտումյանը աշխատել է Երևանի ՋԷԿ ՓԲԸ-ում՝ որպես էլեկտրակայանի սպասարկման էլեկտրիկ: 2008 թվականի մարտի 6-ին, երբ նա վերանորոգման աշխատանքներ էր իրականացնում 6,000 վոլտանի տուրբինի ռեզերվային էլեկտրաապահովման սենյակում, էլեկտրահարման արդյունքում նա տեղում մահացել է: Դեպքը պարզելու համար փորձաքննություն է իրականացվել։ Ըստ 2008 թվականի ապրիլի 18-ի եզրակացության, դեպքը տեղի է ունեցել Ալբերտ Մկրտումյանի՝ էլեկտրակայանների անվտանգության կանոնակարգերը չպահպանելու արդյունքում: Եզրակացության մեջ նշվել է, որ ոչ մի անձ պատասխանատու չէ քաղաքացու մահվան դեպքի համար։

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ալբերտ Մկրտումյանը կամայականորեն կատարել է իրեն հանձնարարված աշխատանքները, ինչի ընթացքում էլ էլեկտրական ցնցում է ստացել: Քննիչը հրաժարվել է քրեական գործ հարուցել՝ հանցագործության կատարման բացակայության հիմքով: 

2008 թվականի մայիսի 7-ին Դիմումատուն բողոք է ներկայացրել Դատախազություն։ Դիմումատուն բողոքել է, որ քրեական գործ չի հարուցվել և պնդել է, որ դեպքի հանգամանքների առնչությամբ քննիչի եզրակացություններում կան մի շարք անհամապատասխանություններ: Այնուամենայնիվ, դատախազը պատասխանել է Դիմումատուին, որ քննիչի 2008 թվականի ապրիլի 22-ի որոշումը օրինական է և հիմքեր չկան այն բեկանելու համար: 2008 թվականի հունիսին Դիմումատուն բողոք է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, ինչից հետո սույն գործով վարույթը բազմիցս կարճվել և վերսկսվել է։ 

Դիմումատուն բողոք է ներկայացրել ՄԻԵԴ 2010 թվականին։ Նա բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում այն հիմքով, որ տեղի իշխանությունները Ալբերտ Մկրտումյանի մահվան հանգամանքների շուրջ պատշաճ քննություն չեն իրականացրել: Մասնավորապես, Դիմումատուն պնդել է, որ քննությունն իրեն` որպես Ալբերտ Մկրտումյանի իրավահաջորդի, հասանելի չի դարձվել, և աշխատավայրում տեղի ունեցած դեպքի շուրջ բազմակողմանի քննություն չի իրականացվել:

ՄԻԵԴ-ը պարզել է, որ Դիմումատուն չի ունեցել իրավական պաշտպանության այլ արդյունավետ միջոց, քան քրեական դատավարության կարգով քննությունը: Նա մատնանշել է, որ Դիմումատուի ամուսնու մահվան հանգամանքների վերաբերյալ վարույթը չորս անգամ կարճվել է, և երեք անգամ վարույթն իրականացնող մարմնի նման որոշումները վերացվել են դատական ստուգման արդյունքում, քանի որ վարույթն իրականացնող մարմինը չի բացահայտել գործի բոլոր հանգամանքները:  

Բացի այդ, ՄԻԵԴ-ը նշել է, որ բազմաթիվ բացթողումներ են եղել  հատկապես վարույթի սկզբնական փուլում, ինչը բացասաբար է անդրադարձել  գործի հանգամանքների բացահայտման համար: Մասնավորապես, դեպքի վայրը չի պահպանվել, և քննիչի կողմից փորձաքննություններ չեն նշանակվել դեպքից հետո:

ՄԻԵԴ-ը մատնանշել է նաև այն դժվարությունները, որոնք Դիմումատուն ստիպված է եղել հաղթահարել` փորձելով ճանաչվել տուժողի իրավահաջորդ, և այդպիսով, լիովին մասնակցել վարույթին:  

Հաշվի առնելով վերոգրյալը, ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում: ՄԻԵԴ-ը վճռել է, որ Հայաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 10․000 եվրո գումարի չափով հատուցում և 1․600 եվրո՝ դատական ծախսերի համար։