ԱՄՀ-ն հրաժարվել է ֆինանսական օգնություն տրամադրել Վենեսուելային կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրաժարվել է կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի համար ֆինանսական օգնություն տրամադրել Վենեսուելայի կառավարությանը։ ԱՄՀ-ն մերժել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար 5 միլիարդ դոլար վարկի տրամադրման վերաբերյալ խնդրանքը:

«Դժբախտաբար, ԱՄՀ-ն չի կարող դիտարկել այդ խնդրանքը: Համաձայնագիրը ԱՄՀ-ի անդամ երկրների հետ հիմնված է միջազգային հանրության կողմից կառավարությունների պաշտոնական ճանաչման վրա։ Այս պահին Վենեսուելայի կառավարության միջազգային ճանաչման հետ կապված խնդիրներ կան», – ասվում է ԱՄՀ-ի պատասխանում:

Ավելի քան 50 երկիր, ներառյալ՝ ԱՄՆ-ն, մեկ տարուց ավելի չեն ճանաչել Մադուրոյին: Շատերը վստահ են, որ Մադուրոյի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են։ Այնուամենայնիվ, ԱՄՆ պատժամիջոցները և միջազգային այլ ճնշումները չկարողացան պաշտոնից հեռացնել Մադուրոյին, ում աջակցում են Վենեսուելայի, Չինաստանի և Ռուսաստանի պարտատերերը, ինչպես նաև երկրի հզոր զինված ուժերը:

Սա Վենեսուելայի կողմից ԱՄՀ-ից վարկ ստանալու առաջին հայցն էր 2001 թվականից ի վեր: Նշենք նաև, որ վերջին տարիներին Վենեսուելայում դեղորայքի հետ կապված խնդիրներ կան: ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցները բանկերին թույլ չեն տալիս Վենեսուելայից միջոցներ ընդունել անհրաժեշտ դեղամիջոցների ու այլ բժշկական պարագաների վճարման համար: