Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներ

Մարտի 19-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել հանդիպում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամների եւ ամերիկացի փորձագետ Ջոն Վոդաչի հետ:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքը: Նախագիծը մշակման երկար փուլ է անցել եւ այժմ էլ անհրաժեշտություն կա ուսումնասիրելու միջազգային փորձը: Հանձնաժողովականներն ամերիկացի փորձագետի հետ քննարկել են սոցիալական այս խմբին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները: Անդրադարձ է կատարվել այն խոչընդոտներին, որոնք ի հայտ են եկել օրենքի կիրառման ճանապարհին: Օրենքն առավել ճկուն եւ նպատակային դարձնելու համար, ինչպես նշել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, կան հստակ ուղղություններ, որոնց շուրջ պետք է իրականացվեն աշխատանքներ: Դրանք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն է, զբաղվածության, կրթության հասանելիության ապահովումն է, ինչպես նաեւ հանրային տրանսպորտի մատչելիությունն ու հարմարեցվածությունը:

Առաջիկայում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կանցկացնի խորհրդարանական լսումներ՝ վերոնշյալ խնդիրները քննարկելու համար: