ՄԻԵԴ-ը հրապարակել է 2016-ի ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ 2 որոշում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Ամրահովն ընդդեմ Հայաստանի» և «Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի» բողոքների վերաբերյալ որոշումները: Դիմումատուների կողմից ներկայացված բողոքները վերաբերում են 2016 թվականի ապրիլյան իրադարձություններին: Եվրոպական դատարանը Դիմումատուների ներկայացրած բողոքները ճանաչել է անընդունելի:

Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի

Դիմումատուն՝ Սվետլանա Խուդունցը, ազգությամբ հայ է, ծնվել է 1962 թվականին և ապրում է Մարտակերտում։ Դիմումատուի խոսքերով՝ 2016 թվականի ապրիլի 2-ին, ժամը 03.00-ի սահմաններում Արցախ-Ադրբեջան շփման գծից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մարտակերտի բնակիչները Թալիշ գյուղի կողմից պայթյունի ձայներ են լսել: Մարտակերտի շրջանի ղեկավարը կարգադրել է բնակիչներին թաքնվել իրենց տների նկուղներում: Նույն օրը, ժամը 09։00-ի սահմաններում ադրբեջանական բանակն սկսել է հրետակոծել Մարտակերտը։ Հաշվի առնելով բնակիչներին սպառնացող վտանգը՝ տարածաշրջանի ղեկավարը նախաձեռնել է քաղաքի բնակիչների տարհանումը: ԼՂՀ Գլխավոր դատախազի նախաձեռնությամբ քրեական գործ է հարուցվել, և Մարտակերտի շրջանում և Արցախի այլ տուժած տարածքներում հետաքննություն է իրականացվել:

Մարտակերտի գնդակոծումը շարունակվել է մինչև 2016 թվականի ապրիլի 4-ը: Այնուհետև, զինադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել, և տարածաշրջանի ղեկավարի հրահանգով բնակիչները վերադարձել են իրենց տները:

2016 թվականի ապրիլին իրականացվել է բնակիչների երկրորդ տարհանումը՝ նոր կրակոցներից հետո: Տարածաշրջանի ղեկավարի որոշմամբ՝ նույն թվականի մայիսի 11-ին բնակիչները վերադարձել են իրենց տները։ Այնուամենայնիվ, 2016 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ բնակիչներից շատերը չեն վերադարձել, քանի որ վախեցել են նոր հարձակումների հավանականությունից:

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում, 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում, 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում, 14-րդ հոդվածի (խտրականության արգելում) խախտում և կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հարձակման արդյունքում իր կյանքին անմիջական սպառնալիք հանդիսացող վտանգի, հրետակոծության հետևանքով իր տանը պատճառված վնասների և հարձակման պատճառով իրեն 2 անգամ հարկադրաբար տարհանելու մասին։ Դիմումատուն իր բողոքի մեջ նաև նշել է, որ ադրբեջանական զինված ուժերը հարձակումներ են իրականացրել՝ հայերի էթնիկ և ազգային ծագման պատճառով։

Այնուամենայնիվ, ՄԻԵԴ-ը Դիմումատուի ներկայացրած բողոքը ճանաչել է անհիմն և, ղեկավարվելով Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ մասով՝ որոշել է այն համարել անընդունելի։

ՄԻԵԴ-ը ճանաչել է անընդունելի նաև ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի դեմ ներկայացված բողոքը։ Դիմումատուն՝ Նուշիրավան Ամրահովը, ազգությամբ ադրբեջանցի է, ծնվել է 1971 թվականին, բնակվում է Գորանբոյ շրջանի Թափգարագոյունլու գյուղում։ Դիմումատուն բողոքել է արցախա-ադրբեջանական զորքերի իրականացրած հարձակումների հետևանքով կրած նյութական և ոչ նյութական (բարոյական) վնասի մասին։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում, 8-րդ հոդվածի խախտում, 13-րդ հոդվածի խախտում, 14-րդ հոդվածի խախտում և կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։ Այսպիսով, ՄԻԵԴ-ը Դիմումատուի ներկայացրած բողոքը ճանաչել է անհիմն և, ղեկավարվելով Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ մասով՝ որոշել է այն համարել անընդունելի։