Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն

Քննարկման է դրվել «ՀՀ 2018 թվականի պետական բյուջով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարային ապահովման պետական աջակցության միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից:

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5381 ընտանիքից 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր,

Արդյունքում դեռ լուծում է պահանջում ծրագրի շահառու ճանաչված                         542 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար պահանջվում է մոտ 4.0 մլրդ. ՀՀ դրամ: Խնդրի ամբողջական լուծումը ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է մինչև 2020 թվականի տարեվերջ:

Նախագծով առաջարկվում է  միջոցներից 452,755.0 հազ. դրամն ուղղել ՀՀ Լոռու մարզի բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված՝ առավել բարձր պատրաստականության կիսակառույց բնակելի տներ ունեցող 44 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման նպատակով նրանց ֆինանսական աջակցության տրամադրմանը:

Ընդ որում, նախատեսվում է տրամադրել ուղղակի ֆինանսական աջակցություն՝ պայմանով, որ աջակցությունն ստացող ընտանիքը՝ ֆինանսական աջակցության տրամադրման մասին պայմանագրի կնքմանը հաջորդող մեկ տարված ընթացքում ավատին հասցնի իր բնակելի տան շինարարական աշխատանքները և արդեն ավարտված բնակելի տան նկատմամբ գրանցի ընտանիքի անդամների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ծրագրի շարունակական իրականացումն, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված թվով 44 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձևավորված պարտավորությունների կատարումը:

Նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ e-draft.am կայքում: