«Werra Naturstein GmbH & Co KG» հանքարդյունաբերական ընկերությունն ընդդեմ Գերմանիայի

Գործը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2018 թվականի ապրիլի 19-ին կայացրած արդարացի փոխհատուցման վճռին։

«Werra Naturstein GmbH & Co KG» ընկերությունը հիմնվել է Գերմանիայի Աուէնգրունդ քաղաքում։ 1994 թվականին ընկերությունը գնել է հողատարածք, որտեղ հանքավայր է հայտնաբերվել։ Նույն թվականին ընկերությունը այդ ընդերքը հանքարդյունաբերության  համար  օգտագործելու լիցենզիա է ստացել  25 տարով։

2012 թվականին ընկերությունը բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դիմումատու Ընկերությունն իր բողոքի մեջ նշել է, որ գերմանական իշխանությունները սկսել են ավտոմայրուղու շինարարություն իրականացնել այն նույն տարածքում, որտեղ նա համապատասխան ժամանակահատվածում շարունակել է հանքարդյունաբերական գործունեություն ծավալել։ Իշխանությունների գործողությունների պատճառով դադարեցվել են կրաքարի հանքավայրի արդյունահանման աշխատանքները, և գերմանական ընկերությունը զգալի ֆինանսական կորուստներ է կրել։ Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության իրավունք) խախտում։

Գործի շրջանակներում Դիմումատու Ընկերությունը և պատասխանող Պետությունը ներկայացրել են իրենց դիտարկումները։

Այսպիսով, հանքարդյունահանման լիցենզիայից զրկվելու և իշխանությունների միջամտության պատճառով Դիմումատու Ընկերությունը հնարավորություն չի ունեցել ավարտին հասցնել կրաքարի հանքավայրերի արդյունահանման աշխատանքները, ընկերությանը հասցված վնասը Գերմանիայի կողմից բավարար չափով չի փոխհատուցվել, և Գերմանիան չի տրամադրել ընկերությանը մեկ այլ ընդերք՝ արդյունահանման աշխատանքներն ավարտին հասցնելու համար։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ 2017 թվականի հունվարի 19-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։

Դիմումատուի հայցի արդարացի փոխհատուցումը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 41-րդ հոդվածի խախտում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատու Ընկերությանը պատճառված նյութական և ոչ նյութական (բարոյական) վնասի համար, ինչպես նաև ընկերության կողմից կատարված դատական ծախսերը հատուցելու համար Գերմանիան պարտավոր է  վճարել 1․000․000 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։