ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ է արել պայքարել մարդկանց թրաֆիքինգի դեմ

Հուլիսի 30-ին ՄԱԿ-ը նշում է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին համատեղ պայքարել մարդկանց թրաֆիքինգի դեմ։ Նրա խոսքերով՝ այս հանցագործությունը տարածում է գտել անհավասարության, սոցիալական անկայունության և զինված հակամարտությունների պատճառով: Նա նաև նշել է, որ հանցագործները որպես զոհ ընտրում են առաջին հերթին երեխաներին և երիտասարդներին, կանանց և աղջիկներին, ինչպես նաև՝ փախստականների և միգրանտներին։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն իր ելույթի ժամանակ շեշտել է, որ մարդկանց թրաֆիքինգը հանգեցնում է այնպիսի անմարդկային երևույթների, ինչպիսիք են՝ հարկադրաբար ամուսնությունը, մարմնավաճառությունը, սեռական շահագործումը և մարդկային օրգանների անօրինական վաճառքը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ամեն կերպ աջակցում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործան ենթարկված անձանց և կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին պատասխանատվության ենթարկել նման հանցագործություններ իրականացնող անձանց։ Նա կոչ է արել նաև ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ այդ հանցագործությունները պատշաճ կերպով հետաքննելու, թրաֆիքինգի պատճառով տուժած անձանց և զոհերին պաշտպանելու և նման հանցագործությունները կանխելու ուղղությամբ։