«Դա բացարձակ ճշմարտություն է». Պավլիկ Մանուկյանը պնդում է նախկինում կատարած հայտարարությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցավ «Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործով դատավարությունը։

Նիստի ժամանակ դատարանն անդրադարձավ նախորդ դատական նիստին  Պավլիկ Մանուկյանի կողմից արված հայտարարությանը՝ նշելով, որ ցանկանում է ճշտել, թե՞ նա ի՞նչ է նկատի ունեցել։  Դատավորին  ի պատասպան Պավլիկ Մանուկյանը պատասպանեց՝ «դա բացարձակ ճշմարտություն է»։

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ Պավլիկ Մանուկյանն անսպասելի հայտարարությամբ էր հանդես եկել: Նրա խոսքերով Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը մեղադրվում են այնպիսի հանցանքների մեջ, որոնց հետ իրենք կապ չունեն՝ նշելով, որ պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գիրգորյանն է եղել, իսկ բանկոմատը բացել է Մխիթար Ավետիսյանը:

Դատարանը հայտնեց, որ Հանրային պաշտպանի գրասենյակից գրություն է ուղարկվել դատարան այն մասին, որ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը որոշել է  նախկինում գործում ներգրավված հանրային պաշտպաններին հեռացնել վարույթից և նոր հանրային պաշտպաններ ներգրավել գործում։

Արմեն Բիլյանն էլ հայտնեց, որ ինքը դեմ է նոր հանրային պաշտպանների ներգրավմանը, քանի որ ունի պաշտպաններ, բացի այդ ցանկանում է, որ իր պաշտպանությունն իրականացնի հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը։

Արդյունքում՝ դատարանը հաշվի առնելով Պավլիկ Մանուկյանի հայտարարությունն ու ՀՊԳ որոշումը և այն հանգամանքը, որ տվյալ պարագայում առկա է շարերի բախում՝ որոշեց նախկինում ներգրավված հանրային պաշտպաններին հեռացնել գործի վարույթից և գործում ներգրավել նոր հանրային պաշտպանների, որոնք այսօր ներկայացել էին դատարան։

Դատարանը նաև արձանագրեց, որ պետք է քննարկի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի ներգրավման հարցը, քանի որ Պավլիկ Մանուկյանի շահերը հակասում են Մխիթար Ավետիսյանի շահերին, իսկ Ավետիսյանինի շահերը Բիլյանի շահերին, ինչի համար Պետրոսյանը չի կարող շարունակել իրականացնել երեք ամբաստանյալների պաշտպանությունը։

Դատարանը որոշեց այդ որոշումը թողնել Ինեսսա Պետրոսյանին և հետաձգել նիստը: