Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 18 անդամների գործով դատավարությունը: Նիստը սկսվեց երեք ամբաստանյալներ՝ Հարություն Հովհաննիսյանի, Գևորգ Իրիցյանի, Արամ Մանուկյաի ներկայությամբ:
Հիշեցնենք, որ նախորդ նիստերի ժամանակ մյուս ամբաստանյալների՝ Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի,
Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Թաթուլ Թամրազյանի նկատմամբ կիրառվել էր դատական սանկցիա՝ 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացում դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:
Թորոս Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց, որպեսզի իր պաշտպանյալին ներկայացնեն նիստերի դահլիճ, քանի որ նրա նկատմամբ կիրառված սանկցիայի տասը ժամը լրացել է: Մյուս պաշտպանները ևս միացան միջնորդությանը. «Դատարանի դահլիճում, բոլորիս ներկայությամբ մեր պաշտպանյալները հստակ հայտարարել են, նաև մեզ առանձին ասել են, որ առանց իրենց մասնակցության որևէ գործողություն չանենք, հետևաբար մեր ներկայությունն այս պահին կրում է ձևական բնույթ»,-հայտարարեց ամբաստանյալ Տիգրան Սարգսյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը՝ նկատելով, որ որոշ փաստաբաններ ներկա չեն և այդ պարագայում ամբաստանյալների իրավունքները ինչպե՞ս է պաշտպանվելու:
«Մենք չենք ուզում գնալ, բայց քանի որ մեր պաշտպանյալները մեր կողքին չեն, չենք կարող նիստի մասնակցել»,- հայտարարեց պաշտպաններից Երվանդ Վարոսյանը:
Պաշտպան Դավիթ Գյուրջինյանը ևս միացավ իր գործընկերների միջնորդությանը՝ դատարանից պահանջելով՝
ժամերի սպառման հիմքով ամբաստանյալներին վերադարձնել դատական նիստերի դահլիճ. «Դատարանը չունի որևէ իրավական հիմք հաշվարկելու ինչ-որ դատական նիստերի ժամ կամ ինչ-որ աշխատանքային ժամ»,- ասաց պաշտպանը:
Մեղադրող կողմը միջնորդությանն առարկեց, պատճառաբանելով, որ անհիմն է, քանի որ ամբաստանյալները դատարանի նկատմամբ անհարգալից գործողությունների շնորհիվ իրենք իրենց զրկել են դատատական գործընթացին ներկա լինելու իրավունքից:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, լսելով կողմերին, միջնորդությունը մերժելու մասին որոշում կայացրեց՝ ասելով, որ այս պահին չի քննարկում միջնորդությունը, քանի որ մի անգամ արդեն այն բավարարել է, սակայն ամբաստանյալները շարունակել են անհարգալից վերաբերմունք դրսևորել դատարանի նկատմամբ:
Ամբաստանյալ Արամ Մանուկյանը միջնորդության մերժումը լսելուց հետո վեր կացավ և հայտարարեց, որ ներկա ամբաստանյելները գնում են դատական նիստերի դահլիճից, ինչից հետո դատավորը նրա նկատմամբ սանկցիա կիրառեց՝ հեռացնել նիստերի դահլիճից 10 ժամով:
Ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանը փորձեց առողջության հետ կապված միջնորդություն ներկայացնել, սակայն դատավոր Արտուշ Գաբրիլեյանը վերջինիս նկատմամբ տեղից խոսելու համար դատական սանկցիա կիրառեց՝ նիստերի դահլիճից հեռացում 10 ժամով: Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը պնդեց, որ դատավորն ապօրինի է գործում և թույլ չի տալիս ամբաստանյալին միջնորդություն ներկայացնել:
«Քանի որ դուք թքած ունեք իմ առողջության վրա… ես ինքնաբացարկ եմ հայտնում»,- հայտարարեց ամբաստանյալը, ապա զայրույթից ձեռնափայտով ուժգին հարվածեց գետնին, ինչից հետո ոստիկանները մոտեցան և հրելով տարան Հովհաննես Հարությունյանին:
Նիստին ներկա Հովհաննես Հարությունյանի մայրը, տեսնելով որդուն այդ վիճակում, բարկացավ և ապակե պատնեշին հարվածեց, ինչի արդյունքում նիստին ներկա քաղաքացիները ևս դժգոհություն հայտնեցին դատավորի որոշումների նկատմամբ, որից հետո Հովհաննես Հարությունյանի մոր ինքազգացողությունը վատացավ, արդյունքում շտապօգնություն հրավիրվեց դատարան:
Պաշտպանները իրենց դժգոհությունը արտահայտեցին դատարանի գործողությունների նկատմամբ, քանի որ վերջինս ոչ մի դիրքորոշում չներկայացրեց ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի նկատմամբ ոստիկանների կողմից ուժի կիրառմամբ դատական նիստերի դահլիճից հեռացման վերաբերյալ:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտատարեց, որ ըստ ոստիկանների գրության՝ ոչ մի խնդիր չկա ամբաստանյալների հետ կապված:
«Դուք ակնհայտ ցույց եք տալիս, որ չեք կարողանում նիստը վարել պատշաճ կերպով և, որ ձեր վրա այլ ուժեր, այդ թվում պետական կառույցները, մեծ ազդեցություն ունեն»,- ասաց պաշտպան Հարություն Բաղդասարյանը:
«Դատական նիստերի դահլիճում չկան 18 ամբաստանյալ, ներկա է 20 փաստաբանից 4-ը և 2 մեղադրող: Սա ի՞նչ նիստ է»,- բարկացավ պաշտպան Հրանտ Գևորգյանը, հավելելով, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանն իրավունք չունի նիստ գումարելու:
«Թե ես ինչ իրավունք ունեմ, դուք ինձ պետք է չասեք»,- միջամտեց դատավորը, որին ի պատասխան՝ պաշտպանը կրկնեց իր ասածները. «Ո՞ւմ ենք պաշտպանում, կամ ո՞ւմ շահերն ենք պաշտպանուն: Ես ասում եմ՝ դուք նորից ասում եք սանկցիա:
Դուք այս նիստը գումարելու իրավունք չունեք, որովհետև դատարանի դահլիճում բացակայում են ամբաստանյալներ և պաշտպաններ. Դուք, ի՞նչ է, նիստը գումարում եք նիստը գումարելու համար»,- ասաց պաշտպանը:
Ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը միջնորդեց նրան վերադարձնել նիստերի դահլիճ, քանի որ նրա ներկայացրած՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը կիսատ մնաց:
Դատավորը, սակայն, մերժեց միջնորդությունը, ինչից հետո Հայարփի Սարգսյանը ներկայացրեց դատավորի ինքանբացարկի միջնորդությունը. «Ես բազմիցս փորձել եմ միջնորդություն ներկայացնել Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ, սակայն դուք թույլ չեք տալիս ներկայացնել միջնորդությունը: Այսօր էլ նրան ոտքի կանգնեցրիք, և դուրս հրավիրեցիք այն պահին, երբ նա բացարկի միջնորդություն էր ներկայացնում: Ես ինքնաբացարկի միջնորդություն եմ ներկայացնում, խնդրում եմ արժանապատվորեն ինքնաբացարկ հայտնել»,- ասաց պաշտպանը՝ դատարանից պահանջելով դատական նիստերի արձանագրությունը:
Կրկին հայտարարվեց ընդմիջում, որից հետո դատավորը մերժեց ինքաբացարկի միջնորդությունը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի մոր՝ Լաուրա Հարությունյանի նկատմամբ սանկցիա կիրառել՝ արգելել սույն գործով դատական նիստերին ներկա գտնվել մինչև դատական նիստերի ավարտը, քանի որ նա հարվածել է ապակե արգելապատնեշին և անհարգալից արտահայտություններ է արել դատարանի, այդ թվում նաև դատավոր հասցեին:
Հերթական ընդմիջումից հետո դատարանը որոշեց սանկցիա կիրառել պաշտպաններ Նինա Կարապետյանցի եւ Արայիկ Պապիկյանի նկատմամբ, քանի որ վերջիններս ներկա չէին դատական նիստին: Նշենք, որ նրան գրություն էին ուղարկել դատարան առ այն, որ իրենք հրաժարվել են կարգադրիչների կողմից խուզարկության ենթարկվել, այդ իսկ պատճառով ներկա չեն դատական նիստին:
Դատավորը նաեւ որոշեց հերթական սանկցիան կիրառել ամբաստանյալ Գեւորգ Իրիցյանի նկատմամբ՝ հեռացնել նիստերից 10 ժամով, քանի որ նա հրաժարվել է նիստի ներկայանալ:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 24-ին:
Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի