ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հրաժարվում Է իր լիազորություններից

Պետական մարմինների կողմից իրենց սահմանադրական գործառույթների ու իրավասությունների անբարեխիղճ  իրականացումը անձանց իրավունքների ու օրինական շահերի խախտման առաջնային նախադրյալներից է և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը(այսուհետ՝ Նախարարություն) վերահաստատեց այս դիրքորոշումը։ Նախարարությունը, անտեսելով սեփական քայլերով օրինականության ամրապնդման անհրաժեշտությունը, անհասկանալիորեն  հրաժարվեց օրենքով ամրագրված իր լիազորություններից։ Այսպես, ՀՀ վարչական դատարանի վարույթում քննվում էր թիվ ՎԴ/10388/05/18 դատական գործը, որով վիճարկվում էր տեղական նշանակության հուշարձանի փոփոխության կամ տեղափոխման հնարավորությունը՝ առանց պետական կառավարման տարածքային մարմնի՝ ՀՀ տարածքային ոլորտի նախարարության թույլտվության։ Հիմնական խնդիրը այն է, որ Երևանի քաղաքապետի կողմից տրվել էր տեղական նշանակության հուշարձան հանդիսացող Աբովյան 32 հասցեում գտնվող «Պրոֆեսորների» շենքում շինարարության թույլտվություն՝ առանց պետական կառավարման տարածքային մարմնի՝ ՀՀ տարածքային ոլորտի նախարարության՝ տեղական նշանակության հուշարձանի փոփոխման կամ տեղափոխման մասին թույլտվության առկայության։ Շենքի ճարտարապետական տեսքի պահպանմամբ մտահոգ բնակիչների ջանքերի շնորհիվ Երևանի քաղաքապետարանը անվավեր ճանաչեց օրենքի խախտմամբ տրված շինթույլտվությունը, սակայն հիշյալ  որոշումը բողոքարկվեց դատական կարգով։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը դատական գործի շրջանակներում հնարավորություն տրվեց ներկայացնելու սեփական դիրքորոշումը՝ տեղական նշանակության հուշարձանի փոփոխման և տեղափոխման գործընթացում իր լիազորությունների վերաբերյալ, որոնք սահմանված են ՀՀ կառավարության 29․12․2005 թվականի խմբագրությամբ թիվ 2338-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)։ Մասնավորապես՝ Որոշման 26-րդ հոդվածի համաձայն՝ տեղական նշանակության հուշարձանի փոփոխման դեպքում լիազոր մարմինը եզրակացությունը և փաստաթղթերը տրամադրում է պետական կառավարման համապատասխան տարածքային մարմնին, իսկ  պետական կառավարման տարածքային մարմինը, եզրակացությունը և փաստաթղթերը համաձայնեցնելով շահագրգիռ գերատեսչությունների հետ, ստացված կարծիքների հիման վրա` օրենքով սահմանված կարգով և ժամկետում ընդունում է հուշարձանի փոփոխման թույլտվություն տալու կամ այն մերժելու մասին որոշում: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի ուժով պետական կառավարման տարածքային մարմին հանդիսացող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիազորությունները սահմանող իրավական կարգավորումները այնքան հստակ են, որ Նախարարության՝ օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում գործելու կանխավարկածով առաջնորդվելու դեպքում՝ վերջինիս դիրքորոշումը պետք է առնվազն՝ առանց թույլտվության առկայության գործելու անօրինականության վերահաստատումը լիներ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, սակայն, ի հակադարձում իր սահմանադրական լիազորություններին համապատասխան գործելու սպասումներին՝ լիովին մերժեց իր կողմից թույլտվության տրամադրման անհրաժեշտությունը՝ հերքելով տեղական նշանակության հուշարձանի շինթույլտության տրամադրման գործընթացում առկա որևէ լիազորություն։ Նախարարության նման մոտեցումը ոչ միայն հակասում է ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորություններին համապատասխան գործելու պարտականությանը և նպատակներին, այլև հակապատկերն է իրավական պետության նկարագրի։ Նախարարության կողմից լիազորությունների «մերժումը» ուղղակիորեն ծնում է իրավական նիհիլիզմ կառույցի նկատմամբ, հանգեցնում անվստահության և կոնկրետ նշված դեպքում կանաչ լույս վառում առանց օրենսդրորեն սահմանված պատշաճ ընթացակարգի պահպանման Երևան քաղաքի տեղական հուշարձանի շինարարության համար, ինչն օրինականության ամրապնդման սահմանադրական պարտականություն ունեցող պետական մարմնի վարքագծի նվազագույնը՝ անընդունելի և անթույլատրելի մոդել է։