ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպում է ունեցել Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի հետ:
Վարչապետներն անդրադարձել են ժամանակակից աշխարհում տնտեսությունների զարգացման միտումներին՝ այս համատեքստում կարևորելով էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների դերն ու թվայնացման ուղղությամբ աշխատանքները: Էստոնիայի վարչապետը ներկայացրել է իր երկրի հարուստ փորձն այդ բնագավառում՝ նշելով, որ Էստոնիան բավականին երկար ճանապարհ է անցել այս ուղղությամբ, և իրենք ուրախ կլինեն կիսվել այդ փորձով: «Մենք նախատեսում ենք բավականին մեծ ծրագրեր իրականացնել այս ոլորտում, հետաքրքրված ենք ձեր փորձով և խորապես շահագրգռված ենք այստեղ համագործակցության ընդլայնման և լավագույն փորձի փոխանակման հարցում», – ասել է Կարեն Կարապետյանը:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Այս համատեքստում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Յուրի Ռատասին՝ Էստոնիայի կողմից Հայաստանին սատարելու համար:
Կարեն Կարապետյանը նաև ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման միտումներն ու ընթացիկ մակրոտնտեսական ցուցանիշները՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը վճռական է շարունակելու մեկնարկած բարեփոխումները մի շարք ոլորտներում, իսկ ստեղծված գործարար և ներդրումային միջավայրը հետաքրքիր կարող է լինել նաև էստոնացի գործարարների համար: