ՄԱԿ-ը նշում է Միգրանտների միջազգային օրը

Այսօր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է գտնվում միգրացիայի թեման: Աշխարհում շուրջ 300 միլիոնից ավելի միգրանտներ և փախստականներ տարբեր պատճառներով լքում են իրենց տները և հեռանում են սեփական երկրից։ 1990 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը ընդունել է աշխատավոր միգրանտների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության Միջազգային կոնվենցիան, իսկ 2000 թվականին դեկտեմբերի 18-ը հայտարարվեց Միգրանտների միջազգային օր:

Շատ մարդիկ, եթե գոյություն ունեն նպաստավոր պայմաններ, գտնում են իրենց երջանկությունն իրենց երկրում, իսկ մյուսները՝ չունենալով իրենց երկրում հեռանկարներ, որոշում են բնակություն հաստատել արտասահմանում և համալրում են միգրանտների «բանակը»։ Միգրանտների հիմնական նպատակն է օտար երկրում աշխատանք գտնել և նորմալ կյանք ստեղծելու հնարավորություն ստանալ: Բացի այդ, զարգացած ու զարգացող շատ երկրներ մշտապես նոր աշխատուժի ներհոսքի կարիք ունեն, ինչը պայմանավորված է ներքին ռեսուրսների բացակայությամբ, ինչպես նաև՝ ծերացող բնակչության և ցածր վարձատրվող աշխատանքից տեղացիների դժգոհության պատճառով։ Ավելի հաճախ, աղքատ երկրներից ժամանած միգրանտները լրացնում են տեղական աշխատանքային ռեսուրսները, այլ ոչ թե մրցակցում են նրանց հետ: Նրանք աշխատում են շատ ցածր վարձատրությամբ և բնակվում են վատ պայմաններում։ Այսկերպ, միգրանտները թույլ են տալիս տեղացիներին կատարել ավելի արդյունավետ և լավ վարձատրվող աշխատանք: Բացի այդ, միգրանտները նպաստում են սպառողների թվաքանակի ավելացմանը և ցույց տալով իրենց ձեռնարկատիրական կարողությունները՝ նպաստում են իրենց ընդունող երկրներում տնտեսության աճին:

ՄԱԿ-ում վստահ են, որ միգրացիայի գործընթացը պետք է լինի օրինական, անվտանգ և կարգապահ: Այս սկզբունքի վրա է հիմնված միգրացիայի վերաբերյալ ՄԱԿ-ի գլոբալ պայմանագիրը, որն այս տարվա դեկտեմբերի 10-ին ընդունվել է Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում տեղի ունեցած համաժողովի մասնակիցների մեծամասնության կողմից:

Օրինական միգրանտներ են համարվում այն մարդիկ, ովքեր օրինական կերպով բնակվում են որոշակի երկրում, և նրանց գտնվելու վայրը հայտնի է կառավարությանը, իսկ նրանց կարգավիճակը համապատասխանում է այդ երկրի օրենքներին և կանոններին: Սակայն կանոնները և օրենքները խախտող միգրանտները չեն կարող իրավական կարգավիճակ ունենալ։ Ներկայումս շատ միգրանտներ օրինական ճանապարհով մտնում են որևէ երկիր, օրինակ՝ ուսանողական կամ զբոսաշրջային վիզայով, սակայն չեն լքում երկիրը վիզայի գործողության ժամկետի ավարտից հետո։

Եթե հաշվի առնենք ներկայումս աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, ակնհայտ է, որ միգրանտների թիվը միայն կաճի։

Փախստականներ են համարվում նրանք, ովքեր ստիպված են եղել հեռանալ իրենց հայրենիքից՝ բռնությունների, հետապնդումների կամ պատերազմական գործողությունների պատճառով: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի համաձայն՝ այդ մարդիկ ունեն բոլոր հիմնավոր պատճառները ռասայական, ազգային, կրոնական, սոցիալական կամ որոշակի քաղաքական հայացքների հիման վրա իրենց նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորումներից կամ հալածանքներից վախենալու համար: Նման մարդիկ կարող են ապաստան խնդրել և ստանալ փախստականի կարգավիճակ:

Մարդկության պատմության ողջ ընթացքում մարդիկ տեղափոխվում են մեկ վայրից մյուսը: Սակայն վերջին տարիներին այդ ցուցանիշները զգալի աճել են: Մարդիկ ստիպված են լքել իրենց տները և երկիրը, որպես կանոն, հակամարտությունների, աղքատության, կլիմայի փոփոխության պատճառով:

Այս օրվա կապակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Միջազգային միգրացիայի հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հիշեցրել է, որ այսօր միգրանտները կազմում են աշխարհի բնակչության գրեթե 3,5 տոկոսը, և այդ թիվը շարունակում է աճել։

Միգրանտների միջազգային օրն ընդգծում է, որ մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն` բոլոր անձինք, առանց խտրականության և անկախ ազգությունից կամ իրավական կարգավիճակից, իրավունք ունեն օգտվելու մարդու հիմնարար իրավունքներից։ Այս օրը բարձրացնում է իրազեկվածությունը ներկայումս միգրանտների համար առաջացած խնդիրների մասին և խրախուսում է միգրանտների իրավունքների և հիմնարար ազատությունների մասին տեղեկատվության տարածումը: