2020-ին տնտեսական աճը Հայաստանում ավելի բարձր կլինի հարևան երկրներից. կանխատեսում է ԱՄՀ-ն

ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2019-ի առաջին 10 ամսվա տվյալներով՝ 7.1% տնտեսական ակտիվության ցուցանիշ է գրանցվել։

«Գրեթե ակնհայտ է, որ 7% մոտիկ տնտեսական աճ ենք ունենալու, բայց ֆինանսների նախարարությունը տնտեսական աճի հնարավոր ցուցանիշը գնահատում է 6.3%, իսկ ԿԲ-ն՝ 6.7%», – ասել է Փաշինյանը:  Վերջինս նկատել է նաև, որ միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ Արժույթի միջազգային հիմնադրամը և Ասիական զարգացման բանկը վերագնահատել են ՀՀ-ում տնտեսական աճի վերաբերյալ իրենց գնահատականները՝ բարձրացման միտումով։

Հայաստանը ներկայում այն երկրներից է, որին միջազգային ֆինանսական հաստատությունները դրական կանխատեսումներ են տալիս, մինչդեռ տնտեսապես զարգացած երկրների համար կանխատեսումները հաջորդ տարի հիմնականում բացասական են: Տնտեսագետների կարծիքով, դա պայմանավորված է նրանով, որ զարգացող երկրներում պոտենցիալը շատ ավելին է, քան զարգացած երկրներում: Այսպիսով, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճը 2020 թվականին 6%-ով, մինչդեռ Ադրբեջանի տնտեսությանը տրվում է կանխատեսում 2.7%, իսկ Վրաստանում՝ 4.6%: