Արտակ Բեգլարյանին միաձայն ընտրել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն Արտակ Բեգլարյանին միաձայն ընտրել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան։ Արտակ Բգլարյանը զբաղեցնում էր ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։

Արտակ Բեգլարյանը մասնագիտությամբ քաղաքագետ եւ հանրային կառավարման մասնագետ է: Նա 2012թ.-ից աշխատել է որպես Արցախի Հանրապետության վարչապետի օգնական, այնուհետեւ՝ մամուլի քարտուղար, իսկ վերջին ամիսներին՝ որպես պետական նախարարի խորհրդական: Նա ուսանել է Լոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրայում՝ քաղաքականություն, անվտանգություն եւ ինտեգրացիա մասնագիտացմամբ: Ա.Բեգլարյանը կրթություն է ստացել նաեւ ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում՝ հանրային կառավարում եւ քաղաքականություն մասնագիտացմամբ, իսկ Սալոնիկիի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտում՝ ԵՄ «Էրասմուս Մունդուս» ուսանողական փոխանակման ծրագրով բիզնես կառավարում մասնագիտացմամբ: Նա բակալավրի աստիճանը ստացել է Երեւանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում: Ա.Բեգլարյանը մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների եւ հանդես եկել գիտական հրապարակումներով: Նա տարիներ շարունակ զբաղվել է նաեւ հասարակական գործունեությամբ՝ անդամակցելով եւ ղեկավարելով տարբեր հասարակական կազմակերպություններ: