ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է «Միասին ընդդեմ կոռուպցիայի» երիտասարդական միջազգային մրցույթի հայաստանյան մասնակիցներին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ 6 երկրների շրջանակում անցկացված  «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթի՝ Հայաստանի մասնակիցներին և մրցանակակիրներին:

Մրցույթը, որի շրջանակում ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ երկրների 14-ից մինչև 35 տարեկան քաղաքացիներին, երիտասարդական ստեղծագործական խմբերին առաջարկվել էր ներկայացնել հակակոռուպցիոն սոցիալական գովազդի պաստառներ և տեսահոլովակներ, նպատակ ուներ տարածել և ամրապնդել կոռուպցիան իբրև երևույթ մերժելու, դրա դեմ անզիջում և միասնական պայքար մղելու գաղափարները:

Այն անցկացվել է երկու անվանակարգերում՝ «Լավագույն պաստառ» և «Լավագույն տեսահոլովակ», որոնց համատեքստում ներկայացված աշխատանքները պետք է արտացոլեին հակակոռուպցիոն պայքարի ժամանակակից մեխանիզմների, այդ պայքարում միջազգային համագործակցության նշանակության, ինչպես նաև ցանկացած ոլորտում կոռուպցիայի՝ իբրև չարիքի վերաբերյալ հեղինակների յուրօրինակ պատկերացումներն ու գաղափարները:

Սահմանված ժամկետներում անդամ երկրներից ստացվել է  ընդհանուր առմամբ 1512 տեսահոլովակ և 7821 պաստառ: Հայաստանից մրցույթին մասնակցել է մի քանի բուհերի, ուսումնական այլ հաստատությունների 28 ներկայացուցիչ, որոնց կողմից ներկայացվել է 38 աշխատանք՝ 12 տեսահոլովակ և 26 պաստառ:

Առաջին փուլում ազգային ժյուրին յուրաքանչյուր անվանակարգում ընտրել է լավագույն երեքը, որոնցից առաջին մրցանակի արժանացած աշխատանքները ներկայացվել են միջազգային ժյուրիին: Վերջինիս կողմից ընդհանուր մրցույթի արդյունքում Հայաստանում լավագույնը ճանաչված տեսահոլովակի հեղինակ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի սան Արտյոմ Աղասարյանն արժանացել է 3-րդ պատվավոր մրցանակի:

Երիտասարդների հետ հանդիպմանը ՀՀ գլխավոր դատախազը նրանց շնորհակալություն է հայտնել ակտիվ մասնակցության համար: Նա նշել է, որ մրցույթին ներկայացված տեսահոլովակների և պաստառների քանակը վկայում է ինչպես երիտասարդների կողմից մրցույթի և նրա հիմնական ուղերձների հանդեպ ունեցած մեծ հետաքրքության, այնպես էլ նրանց կողմից կոռուպցիայի դեմ պայքարի կարևորության խորը գիտակցման մասին: Արթուր Դավթյանը հույս է հայտնել, որ այդ գաղափարները նրանց կուղեկցեն ողջ կյանքի ընթացքում, կդառնան կենսակերպ և կօգնեն պետությանը, իրավապահ մարմիններին կոռուպցիան արմատախիլ անելու վերջինիս դրսևորած հետևողականության, կամքի իրագործման հարցում:

ՀՀ գլխավոր դատախազը նաև շնորհակալություն է հայտնել մրցույթի ազգային ժյուրիում ներգրավված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին և սոցիալական գովազդի ոլորտում մասնագիտացած Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահ Արզուման Հարությունյանին՝ իրենց մասնակցությամբ մրցույթի թափանցիկությունն ու առավել անաչառությունն ապահովելու համար:

Արթուր Դավթյանը մեծապես կարևորել է նաև պատշաճ իրազեկում ապահովելու հարցում ՀՀ գիտության և կրթության նախարարության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի ցուցաբերած աջակցությունը, ինչը մեծապես նպաստել է միջազգային մակարդակով անցկացվող մրցույթին Հայաստանի արժանապատիվ ներկայանալուն:

«Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում Հայաստանում առաջին մրցանակի արժանացած Արտյոմ Աղասարյանը նշել է, որ մեծ ոգևորությամբ են ներգրավվել մրցույթին՝ նկատի ունենալով նախաձեռնության նպատակները: Երիտասարդները պատրաստակամություն են հայտնել հետագայում առավել ակտիվ մասնակցել նման միջոցառումներին:    

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն իր խոսքում նշել է, որ մրցույթին երիտասարդության ներգրավվածությունը չափազանց կարևոր է սոցիալական գովազդի ձևաչափով, այսինքն հանրային լայն շրջանակների համար հասկանալի և ազդեցիկ միջոցներով կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մշակույթ ձևավորելու առումով, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր երկրում շարունակում է բարձր մնալ կոռուպցիայի ընկալման համաթիվը:   

ՀՀ գլխավոր դատախազը երկու անվանակարգերում մրցանակակների արժանացած մասնակիցներին պարգևատրել է «ՀՀ դատախազություն» հուշամեդալներով և բոլորին մաղթել հաջողություններ ուսման մեջ, ինչպես նաև քաղաքացիական ակտիվություն և նախաձեռնողականություն հանրային կյանքում:   

Ավելի վաղ Արթուր Դավթյանը, ով այս տարի նախագահում էր ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդում, Մոսկվայում մասնակցել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա խորհրդի ներքո անցկացվող՝ «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով միջազգային մրցույթի մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությանը, որտեղ նաև հանդես է եկել ելույթով: «Ազդելով սոցիալական, քաղաքական, տնտեսական անվտանգության վրա՝ կոռուպցիան հանգեցնում է պետական համակարգի դեֆորմացման, խաթարում է պետության հանդեպ քաղաքացիների վստահությունը և խոչընդոտում պետական կառույցների բնականոն գործունեությանը»,-իր ելույթում նշել էր Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ մրցույթին երիտասարդ մասնակիցների, ուսումնական հաստատությունների, ուսանողական ստեղծագործական խմբերի լայն ներգրավվածությունը վստահություն է ներշնչում, որ ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ երկրների մատաղ սերունդը կապահովի կոռուպցիայի անզիջում հակազդմանն ուղղված պայքարի շարունակականությունը: