Պաշտպանները լքեցին դատական նիստերի դահլիճը. Կայացավ «Սասնա Ծռեր»-ի 14 անդամների գործով հերթական դատական նիստը

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ 2016թ. ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» խմբավորման 14 անդամների գործով հերթական դատական նիստը: Դատական նիստին չէին ներկայացել պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանը, Արա Ղարագյոզյանը, Լուսինե Սահակյանը, Տիգրան Եգորյանը, Տիգրան Հայրապետյանը և Հայկ Ալումյանը:

Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը այս նիստին ևս չէր ներկայացել հայտնելով, որ չի կարողացել գալ ծանրաբեռնվածության պատճառով: Նշենք, որ նա արդեն 7-րդ դատական նիստն է, ինչ չի ներկայանում դատարան, այդ պատճառով դատարանը որոշում կայացրեց հանրային պաշտպան Արմինե Ֆանյանին ներգրավել այս գործում՝ որպես Սմբատ Բարսեղյանի պաշտպան:

Ամբաստանյալ Սմբատ Բասեղյանը դատարանին հայտնեց, որ ինքը պաշտպանության կարիք չունի, և, եթե իր պաշտպանը չի ցանկանում ներկայանալ նիստին կարող է չներկայանալ: Նա նաև չհամաձայնեց, որպեսզի իրեն պաշտպանի հանրային պաշտպանը. «Իմ շահերը պետք է պաշտպանի միայն Հայկ Ալումյանը, եթե չի ներկայանում նիստին ոչինչ»,-ասաց ամբաստանյալը:

Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը ևս հրաժարվեց պաշտպանել Սմբատ Բարսեղյանի շահերը:

Հարություն Բաղդասարյանը հանդես եկավ խնդրանքով, որպեսզի դատական նիստը արդյունավետ անցկացվի` ժամը 11-ից 13-ը քննարկվեն բոլոր միջնորդությունները, իսկ 13-ից հետո` 5 րոպեով դատավորը գնա որոշում կայացնելու: «Խնդրում եմ դատարանին ամեն որոշման համար չհեռանալ խորհրդակցական սենյակ»,- ասաց նա:

Պաշտպաններ Արայիկ Պապիկյանը և Դավիթ Գյուրջյանը հանդես եկան միջնորդությամբ` վերացնել իրենց պաշտպանյալների նկատմամաբ կիրառված սանկցիաները և նրանց հրավիրել նիստերի դահլիճ:
Միջնորդությանը միացան նաև մյուս պաշտպանները:

Դատախազը հայտարարեց, որ միջնորդությունը պատճառաբանված չէ, իսկ դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց մերժել միջնորդությունը:

15 րոպե ընդմիջումից հետո պաշտպանները հայտարարեցին, որ առանց իրենց պաշտպանյալների չեն շարունակի ներկա գտնվել դատական նիստին: Պաշտպաններից Հարություն Բաղդասարյանը, Հրանտ Գևորգյանը, Արայիկ Պապիկյանն ու Դավիթ Գյուրջյանը լքեցին նիստերի դահլիճը:

Ընդմիջումից հետո դատավորը որոշեց սանկցիա կիրառել նիստերի դահլիճը լքած պաշտպանների նկատմամբ: Բացի այդ դատավորի որոշմամբ ապակե պատնեշից այս կողմ գտվող կանանցից մեկը հեռացվեց նիստերի դահլիճից: Ըստ դատական կարգադրիչների զեկուցագրի այդ կինը պարբերաբար հայհոյել է և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել դատարանի հասցեին: Կարգադրիչները դուրս հրավիրեցին այդ կնոջը: Վերջինս էլ բղավում էր, որ ինքը ոչ մի հայհոյանք չի արտահայտել և կարգադրիչները սուտ են խոսում:

Վարուժան Ավետիսյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանը առարկեց դատարանի այս որոշման դեմ՝ հայտնելով, որ չի կարելի եզրակացություն անել առանց կողմի փաստարկները լսելու. «Դուք լսե՞լ եք, հարգելի՛ դատարան: Դուք ինչո՞վ եք այդ հանգամանքը պարզում, սոսկ կարգադրիչի զեկուցագրո՞վ, առանց կողմին լսելո՞ւ:»,- ասաց նա:

Այնուհետև մի պահ դատարան բերվեց ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը: Դատավորը հարցրեց նրա կարծիքը հանրային պաշտպան ներգրավելու համար, սակայն ամբաստնայալը հրաժարվեց հանրային պաշտպանից: Հանրային պաշտպան Սյուզաննա Խչեյանը ևս հրաժարվեց պաշտպանել Արեգ Կյուրեղյանին առանց նրա համաձայնության և խնդրեց դատարանին իրեն չներգրավել այս գործում: Դատավորը որոշեց, որ Սյուզաննա Խչեյանը պետք է պաշտպանի ամբաստանյալի շահերը, որից հետո պաշտպանը լքեց նիստերի դահլիճը: Դատավորը դուրս եկավ Խչեյանի նկատմամաբ սանկցիա կիրառելու հարցը քննելու:

Ընդմիջումից հետո սանկցիա կիրառվեց ևս մեկ քաղաքացու նկատմամաբ, դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար և նրան նույնպես դուրս հրավիրեցին նիստերի դահլիճից:

Պաշտպան Արա Զաքարյանը հանդես եկավ դատավորի ինքնաբացարկի միջնորդությամբ` հայտնելով, որ դատավորը ակնհայտորեն ի վիճակի չի ցուցաբերել զսպվածություն և հանդուրժողականություն: Բացի այդ «Սասնա Ծռերի» գործով դատավարությունների ժամանակ նա եղել է հոգևոր անհավասարակշիռ վիճակում և այդ պարագայում չպետք է լսի այս գործով դատական նիստը. «Կոչ եմ անում ձեզ ինքնաբաձարկի վերաբերյալ որոշում կայացնել: Թույլ մի տվեք որպեսզի դատարանի հեղինակությունը, դատարանի հանդեպ հարգանքը էապես նվազի այս դատավարության ժամանակ»:

Մյուս պաշտպանները ևս միացան այս միջնորդությանը:
Դատավորը հայտնեց, որ ամբաստանյալներին իրենց հարազատների կողմից տեսակցելու միջնորդությունները կքննարկվեն այն ժամանակ, երբ դատավարության բոլոր մասնակիցները ներկա կգտնվեն:

Դատական նիստը հետաձվեց մինչև 2 շաբաթ` արձակուրդի գնալու պատճառով: Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին:

Նյութը՝ Ելենա Արամյանի