«Իմ պաշտպաններին Դուք միտումնավոր թույլ չեք տալիս, որ ներկա լինեն նիստին». Սեֆիլյանը դիմեց դատարանին

            Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի քննությունը, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

            9 ամբաստանյալներից նիստին ներկա էր միայն Հովհաննես Պետրոսյանը, մյուսներն անցած դատական նիստերի ժամանակ հեռացվել էին դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:

            Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցը  դատական կարգադրիչների կողմից նորից զննության ենթարկվեց. նրա աշխատանքային պայուսակի մեջ մետաղաորսիչ սարքն ազդանշան արձակեց, որից հետո կարգադիչները դիմեցին պաշտպանին, որ բացի պայուսակը: Պաշտպան Կարապետյանցը հրաժարվեց բացել՝ նշելով, որ փաստաբանին խուզարկելու օրենք չկա: Դատական կարգադրիչներն արձանագրություն կազմեցին, ինչից հետո պաշտպանն ավտոմեքենայում թողեց աշխատանքային պայուսակը և որպես քաղաքացի մտավ նիստերի դահլիճ՝ նստելով քաղաքացիներին հատկացված մասում:

            Նախագահող դատավոր Գրիգորյանը նիստի սկզբում ընթերցեց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանի էլեկտրոնային նամակը, որում մասնավորապես ասվում էր, որ պաշտպանը գտնվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում և նիստին ներկայանալ չի կարող, ուստի առաջարկում էր փոխել ամեն ուրբաթ օրը դատական նիստ նշանակելու պայմանավորվածությունը, փոխարենը՝ շաբաթվա մեկ այլ օր որոշել: Դատավորն առարկեց Արա Զաքարյանի առաջարկին՝ նշելով, որ ուրբաթ օրը նախապես որոշվել է դեռ առաջին նիստի ժամանակ և օրը փոփոխման ենթակա չէ:

            Դատարանի դահլիճ հրավիրվեց ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը: Դատավորը դիմեց վերջինիս՝ տեղեկացնելով, որ նրա պաշտպան Արա Զաքարյանը չի կարող իրականացնել պաշտպանությունը, քանի որ երեք նիստ է՝ ինչ բացակայում է, առաջարկեց ընտրել մեկ այլ պաշտպան, ինչին Սեֆիլյանը հակադարձեց. «Իմ պաշտպանների անունները Ձեզ ծանոթ են, Դուք նրանց միտումնավոր թույլ չեք տալիս, որ ներկա լինեն նիստին: Իմ բացակայության ժամանակ որևէ պաշտպան իրավունք չունի այստեղ լինել»։

            Դատավորի պահանջով Ժիրայր Սեֆիլյանին հեռացրին դահլիճից, որն առաջացրեց դահլիճի մյուս կողմում ներկաների վրդովմունքը: Դատարանն ընդմիջում հայտարարեց, որի ընթացքում լարված իրավիճակ ստեղծվեց ամբաստանյալների հարազատների և դատական կարգադրիչների միջև:

            «Կարգադրիչները բավական կոպիտ խոսեցին Գևորգ Սաֆարյանի մայրիկի հետ, բղավեցին նրա վրա»,- մեկնաբանեց դահլիճում գտնվող կանացից մեկը:

             Ընդմիջման ավարտից հետո, դատավորը դիմեց դահլիճում գտնվող պաշտպան Նինա Կարապետյանցին՝ հրավիրելով նրան դահլիճի դատավարական կողմը, սակայն, պաշտպանը չհամաձայնվեց, նշելով, որ առանց իր աշխատանքային գործիքների ինքը չի կարող որպես պաշտպան ներկա լինել այնտեղ:

            Քաղաքացիների և դատավարական հատվածները բաժանող ապակին թույլ չէր տալիս լսել իրար, այդ պատճառով էլ, դատավորի հորդորով, պաշտպան Նինա Կարապետյանցն անցավ դատավարական կողմ, որտեղ պնդեց, որ այդ հատվածում իր ներկա գտնվելն անօրինական է:

            «Ես հիմա այստեղ եմ գտնվում ՀՀ քաղաքացու անձնագրով, այլ ոչ թե որպես փաստաբան և պաշտպան, քանի որ իմ աշխատանքային գործիքներն ինձ հետ չեն: Դրանց առկայությամբ Ձեր կարգադիրչները չեն թողնում մտնել ներս, պնդելով, որ պետք է զննություն անցնի պայուսակս, ինչին ես դեմ եմ, քանի որ փաստաբաններին զննելու և խուզարկելու օրենք չկա»,- մեկնաբանեց պաշտպանը և լքեց դատավարական կողմը, չնայած, դատավորի այն պնդմանը, որ դահլիճը լքելու դեպքում սանկցիա կկիրառի:

            Դատավորը գնաց խորհրդատվական սենյակ և հայտարարեց ընդմիջում, որի ժամանակ լրագրողների հետ խոսեց Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

            «Արդեն 3 դատական նիստ է, ինչ ինձ ծանուցում չի ուղարկվում, սակայն, ես չեմ կարծում, որ դա աշխատանքային թերացում է: Սա ուղղակի դիտավորություն է, դատարանն անձնական հետապնդում է իրականացնում փաստաբանների նկատմամբ: Այս ամենը վերջում կհանգեցնի նրան, որ ինձ կհեռացնեն գործի վարույթից», – իր խոսքը եզրափակեց պաշտպան Պապիկյանը:

            Ընդմիջման ավարտից հետո դատավորը դատական սանկցիա կիրառեց Նինա Կարապետյանցի նկատմամբ՝ դիմելով Փաստաբանական պալատ:

            Այնուհետև դատական դահլիճ բերվեց Ներսես Պողոսյանը, ով հաստատեց, որ իր պաշտպաներն են Արայիկ Պապիկյանը և Նինա Կարապետյանցը, ինքն այլ պաշտպանների կարիք չունի. «Նրանք ոչ թե չեն գալիս, այլ Դուք չեք թողնում: Ես այլ պաշտպան չեմ ցանկանում»:

            Դատարանը որոշեց դիմել Փաստաբանական պալատի Հանրային պաշտպանի գրասենյակ՝ Ժիրայր Սեֆիլյանին պաշտպան ներգրավելու համար:

Քրեական գործի վարույթը կշարունակվի օգոստոսի 11-ին:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է 2015թ. ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը, մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաև Գևորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին և Հովհաննես Պետրոսյանին:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի