«Քննարկում ենք հավաքվելիք միջոցները հասցեագրել հանուն երեխաների բարօրության». Արսեն Բաբայանը, Արտաշես Թովմասյանը, Գագիկ Սուրենյանը և Էրիկ Անթառանյանը նոր նախաձեռնությամբ են հանդես եկել

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, հանդես գալով նոր նախաձեռնությամբ.

«Հարգելի ընկերներ,

մենք՝ սոցիալական պատասխանատվություն կրող մի խումբ քաղաքացիներս, նախաձեռնում ենք աշխատել հանուն մեր երկրում սոցիալական վիճակի բարելավման՝ դրանով մեր նպաստը բերելով սոցիալական կոնկրետ խնդիրների լուծմանը։ Մեր նախաձեռնության մեկնարկային փուլում, ունենալով gg ընկերության աջակցությունը, սեպտեմբերին՝ մեզ հարմար օրերին ու ժամերին, սկսելու ենք մատուցել gg ծառայություն (այսինքն մեր սեփական մեքենաներով քշելու ենք gg), որի արդյունքում հավաքված գումարը, որպես աջակցություն, կհատկացնենք սոցիալական կոնկրետ խնդրի՝ մասնակի կամ ամբողջական լուծմանը։ Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ gg ընկերությունն իր հերթին այս նախաձեռնությանը կտրամադրի 500.000 ՀՀ դրամ։ Այսինքն կարող ենք փաստել, որ նախաձեռնությունն արդեն մեկնարկել է աբողջությամբ։

Թե որքան կավելացնենք մեկնարկային ֆոնդը, ամբողջությամբ կախված է մեր ջանասիրությունից եւ աշխատասիրությունից։
Անելու ենք gg մեր սեփական մեքենաներով, ամբողջ սեպտեմբեր ամսին (ում երբ հարմար է), մեքենաներին ունենալով հատուկ տարբերանշաններ։

Այսպիսով կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր սոցիալական պատասխանատվության կրողներ են, միանալ մեր խմբին եւ միասին կատարել կարեւոր աշխատանք։

Նախաձեռնության մնացած մանրամասները քննարկման փուլում են, շուտով կհայտնենք։

Ունե՞ք մեքենա, միացեք մեզ եւ տարածեք այս հայտարարությունը։ Չունե՞ք մեքենա` միացեք մեզ պարզապես տարածելով այս հայտարարությունը։

Նախաձեռնող խումբ՝
Arsen Babayan
Artashes Tovmasyan
Gagik Surenyan
Erik Antaranyan »:

Ինչպես մեզ հետ զրույցում նշել պարոն Բաբայանը, նախաձեռնությունն իրենց է, gg-ն էլ իր հերթին աջակցություն է հայտնել. «Քանի որ նախաձեռնությունը դեռևս մեկնարկման փուլում է, ուստի շատ հարցեր դեռևս վերջնական քննարկված չեն։ Գլխավոր այն է, որ նշված մարդիկ որոշում են ընդունել, նպաստել սոցիալական խնդիրների մեղմանը։ Նախաձեռնությունը մերն է, առաջարկել ենք gg ընկերությանը միանալ։ Իրենք էլ առաջարկել են իրենց աջակցությունը մեր նախաձեռնությանը: Այս պահին քննարկում ենք հավաքվելիք միջոցները հասցեագրել հանուն երեխաների բարօրության։ Երբ արդեն կունենանք վերջնական որոշում, այդ մասին կհայտնենք լրացուցիչ»,- մանրամասնեց Արսեն Բաբայանը: