Զամմիթը և Վասսալլոն ընդդեմ Մալթայի

Դիմումատուները՝ Էնթոնի Զամմիթը, Ջոզեֆին Մերի Վասսալլոն, Կարմելո Զամմիթը, Ջեյն Զամմիթը, Մարիա Թերեզա Զամմիթը, Մերի Զամմիթը և Սթիվեն Զամմիթը, ազգությամբ մալթացի են, ծնվել են համապատասխանաբար 1947, 1957, 1936, 1934, 1931, 1939 և 1962 թվականներին։ Ներկայումս Դիմումատուները բնակվում են Մալթայի Թարշիեն, Բիրքիրքարա, Բալզան և Պաոլա քաղաքներում։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը բռնագրավելու և քանդելու մասին իշխանությունների որոշմանը։

1989 թվականի ապրիլին Մալթայի իշխանությունները բռնագրավել են Դիմումատուներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը։ Այնուհետև, իշխանությունները գույքն ամբողջովին քանդելու մասին որոշում են հրապարակել։ 1991 թվականին անշարժ գույքը հասարակության և պետության կարիքների օգտագործման նպատակով անցել է Պետությանը։

1999 թվականին գույքային գործերով զբաղվող հանձնակատարը գույքի վարձակալության համար Դիմումատուներին առաջարկել է մոտավորապես 36.39 եվրո, սակայն Դիմումատուները մերժել են այդ առաջարկը։ Դիմումատուները բողոք են ներկայացրել իրենց անշարժ գույքը բռնագրավելու և քանդելու մասին իշխանությունների կայացրած որոշման դեմ։ Դիմումատուները նաև իրենց պատճառված վնասի փոխհատուցման մասին պահանջ են ներկայացրել։ Դիմումատուների ներկայացրած բողոքը վարույթ է ընդունվել։ Գործի շրջանակներում մի քանի անգամ անշարժ գույքի գնահատում է իրականացվել։

Փոխհատուցման պահանջի գործով սահմանադրական դատավարությունը շարունակվել է մինչև 2016 թվականի փետրվար ամիսը։ Դատարանը պարզել, որ Դիմումատուներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բռնագրավումը տեղի է ունեցել անօրինական ճանապարհով, և գույքը քանդելու մասին որոշումը կայացվել է օրինական հիմքերի բացակայության պայմաններում։ Այնուամենայնիվ, Մալթայի Սահմանադրական դատարանը մերժել է Դիմումատուների ներկայացրած պահանջը՝ որոշման մեջ հիմնավորելով, որ համապատասխան ժամանակահատվածում անշարժ գույքն արդեն օգտագործվել է հասարակության և պետության կարիքների համար։ Դիմումատուները բողոքել են որոշման դեմ, սակայն Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը։

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում։ Մասնավորապես, Դիմումատուները բողոքել են իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժը գույքը բռնագրավելու և քանդելու մասին իշխանությունների կայացրած որոշման մասին։ Դիմումատուները բողոքել են նաև իրենց պատճառված վնասի հատուցման համար ներկայացրած պահանջը մերժելու ներպետական դատական ատյանների կայացրած որոշման մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Մալթան պարտավոր է Դիմումատուներին պատճառված նյութական վնասի համար վճարել 18․000 եվրո գումարի չափով փոխհատուցում, ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 8․500 եվրո գումարի չափով փոխհատուցում և 7․500 եվրո՝ դատական ծախսերի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ