Դիմումատուները՝ Միխայիլ Տկաչենկոն, Նինա Տկաչենկոն (մահացել է 2011 թվականին), Ալեքսանդր Տկաչենկոն և Նատալյա Տկաչենկոն, ազգությամբ ռուս են, ծնվել են համապատասխանաբար 1964, 1966, 1985 և 1989 թվականներին, ապրում են Ռոստովի մարզի Ակսայ քաղաքում (Ռուսաստան)։
Գործը վերաբերում է Դիմումատուների տան սեփականազրկման վերաբերյալ դատավարությանը։
2004 թվականին Ռոստովի մարզի Ակսայի շրջանային դատարանը բավարարել է մասնավոր ներդնողի հայցը և Դիմումատուների տան սեփականության իրավունքը փոխանցել է նրան։ Վերջինս իր հայցի մեջ նշել է, որ ցանկանում է Դիմումատուների սեփականության իրավունքը դադարեցնել տան այն հատվածի նկատմամբ, որը նրանք այդ պահին զբաղեցրել են, վտարել նրանց և նրանց փոխանցել ներդնողի կողմից հենց այդ նպատակով գնված մեկ այլ տան սեփականության իրավունքը։ Դիմումատուները բողոքել են դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն 2005 թվականին դատարանն անփոփոխ է թողել այն, և նույն տարի Դիմումատուներին վտարել են և տեղափոխել նոր կացարան։ 2005 թվականին Դիմումատուների տունը քանդել են և այդ նույն տեղում կառուցել են 10-հարկանի շենք ։
Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կովենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության իրավունք) խախտում և 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։ Դիմումատուներն իրենց հայցի մեջ նաև նշել են, որ տեղի է ունեցել Ռուսաստանի օրենսդրությամբ նախատեսված սեփականազրկման (վտարման) օրենքի ոտնահարում, և իրենց վտարման և տունը քանդելու մասին որոշումները եղել են կամայական և անհիմն։
Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կովենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Դատարանը որոշել է չքննել Դիմումատուների ներկայացրած հայցը կոնվենցիայի 8-րդ հոդվածի վերաբերյալ։ Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ պատասխանող Պետությունը պարտավոր է նյութական վնասի հատուցման համար վճարել բոլոր Դիմումատուներին 5.000 եվրո և 5.000 եվրո գումարի չափով վճարել յուրաքանչյուր Դիմումատուին՝ ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման համար՝ ներառյալ հարկման ենթակա գումարները։ Հետևյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։