«Ես չգիտեի, թե այդ անձն ինչո՞ւ էր սրբում հատակը, բայց հիմա հասկանում եմ, որ Հայկազի արյան հետքերն էր մաքրում». կուրսանտի սպանության գործ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում՝ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով, հրապարակվեցին վկա Խաչիկ Մինասյանի նախաքննական ցուցմունքները՝ պաշտպանական կողմի միջնորդության համաձայն: 

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ վկան դատարանում ցոuցմունք էր տվել՝ հայտնելով, որ դեպքի հետ կապված մանրամասներ չի հիշում:

Իր նախաքննական ցուցմունքերում վկա Խաչիկ Մինասյանը պատմել է, որ դեպքի գիշերն ինքը եղել է հերթապահ և մոտ 15 րոպե մաքրություն է արել, այդ ընթացքում Հայկազ Բարսեղյանը դուրս է եկել ջուր խմելու, որից հետո վերադարձել է ննջասենյակ: Այնուհետև տեսել է, որ  կուրսանտներից Թելման Մխիթարյանը մտել է Նորիկ Սահակյանի ննջասենյակ և արթնացրել  նրան, ինչից հետո Նրիկը դուրս է եկել միջանցքում դաս անելու:

Վկայի խոսքերով ժամը 02.00-ի սահմաններում Նորիկը թողել է դաս անելը և գնացել է ‹‹կապտյորկա››, որտեղ գտնվել են Գնել Թևոսյանը, Մովսես Ազարյանը, Վաչե Սահակյանը, Վարազդատ Ասատրյանը, վերջիններս միասին օղի են խմել: Որոշ ժամանակ անց  Գնելը և Նորիկը դուրս են եկել ‹‹կապտյորկա››-ից և մտել են 408 ննջասենյակ, որտեղ քնում էր Հայկազը, որից հետո նրանք Հայկազի հետ դուրս են եկել սենյակից և գնացել են ‹‹կապտյորկա››: Այնտեղ մնացել են մոտ 10-20 րոպե և լսվել են հայհոյանքներ, հետո Հայկազը վերադարձել է ննջասենյակ:

Մի քանի րոպե անց Գնելը, Վաչեն, Նորիկը և Մովսեսը նորից են դուրս եկել ‹‹կապտյորկա››-ից և մտել են 408 ննջասենյակ, որոշ ժամանակ անց նրանց է միացել Վարազդատը և դուրս  եկել: Այդ ընթացքում լսվել են Վաչեի և Մովսեսի ձայները, հետո Հայկազը բղավել է՝ ‹‹էս ինչ եք անում››:

‹‹Կապտյորկայի խոսակցություններից ոչինչ չեմ լսել, ննջարանին  ևս մոտիկ չեմ գնացել և չեմ տեսել, թե ինչ է տեղի ունեցել››,- հայտնել է վկան:

408 ննջասենյակում որոշ ժամանակ մնալուց հետո Վաչեն ու Մովսեսը դուրս են եկել, այնուհետև նրանց են միացել Գնելն ու Նորիկը՝ Հայկազի հետ միասին: Վկայի խոսքերով Հայկազն ընկած է եղել Գնելի ու Նորիկի ուսերին, վերջիններս նրան քարշ տալով իջեցրել են աստիճաններով ներքև: Նորիկը նկատելով իրան ասել է՝ ‹‹սաղի լավը….››: Մոտավորապես 10 րոպե անց աստիճաններով մեկ այլ անձ է բարձրացել վերև՝ ‹‹զինվորական բաճկոն հագին և ձեռքին էլ հատակի փայտ››, և սկսել է ննջասենյակի մոտից ՝ աստիճաններն իջնելով մաքրել:

‹‹Ես չգիտեի, թե այդ անձն ինչո՞ւ էր սրբում հատակը, բայց հիմա հասկանում եմ, որ Հայկազի արյան հետքերն էր մաքրում››,- իր ցուցմունքում նշել է վկան:

Ժամը 3-ին նրան փոխարինել է մյուս հերթապահը, և ինքը գնացել է քնելու:

‹‹Ես վախից ոչ կարողանում է խոսել, ոչ էլ ինչ-որ բան անել: Դեպքի մասին ոչ ոքի չեմ ասել, քանի որ վախեցել եմ, որ ինձ էլ կծեծեն››,- հայտնել է վկան:

Վկայի խոսքերով այդ ընթացքում միջանցքում են եղել նաև Հովիկ Հովհաննիսյանն ու Թելման Մխիթարյանը, և տեսել են այդ ամենը: Թելամնն էլ վկային ասել է, որ Վարազդատը հայհոյանք է հնչեցրել այն մարդկանց հասցեին, որոնք Վաչեենց դեմ ցուցմունք կտան:

Մեկ այլ ցուցմունքում էլ վկան հայտնել է, որ նախկինում կեղծ ցուցմունքեր է տվել և ստել է, իսկ դեպքի օրը միջանցքում ոչ ոք չի եղել, այս ամենն էլ լսել է ուրիշներից:

Նախաքննական ցուցմունքների հրապարակումներից հետո, վկան հայտնեց, որ չի ցանկանում պատասխանել որևէ հարցի, քանի որ դրանք իրեն են վերաբերում՝ խորհրդակցելով իր փաստաբանի հետ որոշել է իրեն վերաբերող ոչ մի հարցի չպատասխանել:

Փաստաբան Արա Զաքարյանը մի քանի հարց տվեց վկային, սակայն վերջինս ոչ մի հարցի չցանկացավ պատասխանել, ինչը զայրացրեց փաստաբանին և վերջինս սկսեց մնացած հարցերը հնչեցնել փոքր-ինչ բարձր տոնով: Ինչին ի պատասխան վկան միայն ասում էր՝ ‹‹չեմ ցանկանում պատասխանել››:

Այնուհետև տուժող կողմը դատարանին հայտնեց, որ ամբաստանյալ Մովսես Ազարյանի հայրը նախորդ նիստի ժամանակ մոտեցել է վկային և հայտնել, որ պատրաստվում է գնալ իստիտուտ և նրա հետ հանդիպել: Վկան էլ հաստատեց վերջիններիս խոսքը՝ նշելով, որ սա արդեն 2-րդ դեպքն է:

Դատավոր Դավիթ Հարությունյանն էլ  ամաստանյալներին հորդորեց՝ զգուշացնել իրենց հարազատներին, զերծ մնալ վկաների հետ հանդիպումներից:

Վկայի հարցաքնությունն ավարտելուց հետո դատարանը որոշեց հետաձգել նիստը:Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 9-ին, որի ժամանակ հավանաբար տեղի կունենա ամբաստանյալների հարցաքննությունը:

Նշենք, որ այսօրվա նիստն սկսվեց մոտ 1 ժամ ուշացումով՝ դատախազների և փաստաբան Արա Զաքարյանի ժամանակին չներկայանալու պատճառով: Դատախազները հայտնեցին, որ իրենք գտնվել են  դատարանի շեքի մոտ և իմանալով, որ պաշտպանը դեռ չի եկել ներս չեն մտել, իսկ Արա Զաքարյանն էլ հայտնեց, որ գործերն ավարտելուց հետո գնացել է ընդմիջման, այդ պատճառով է ուշացել նիստից: Դատարանը որոշեց փաստաբանի նկատմամբ կիրառել սանկցիա՝ նախազգուշացում, գտնելով, որ վերջինս դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք: