Դիմումատուն՝ Զախարի Վեսսելինովը, ազգությամբ ավստրիացի, ծնվել է 1934 թվականին, բնակվում է Վիեննայում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ զրպարտանքի և վիրավորանքի հիմքով իր դեմ հարուցված քրեական գործին։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն նամակներ է ուղարկել տեղի իշխանություններին և մեղադրել է իր զարմիկին՝ իր ընտանիքի անդամներին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր գույքի վրա շինարարական աշխատանքներ կատարելու համար նոտարական կեղծ փաստաթղթերով գործողություններ իրականացնելու մեջ։
2009 թվականին քաղաք Սոֆիա այցելություն կատարելուց հետո Դիմումատուն գրություն է ուղարկել տեղի իշխանություններին և պետական մարմիններին, և գրության մեջ վրդովմունք է հայտնել իր ծնողներին սեփականության իրավունքով պատկանող տանն իր զարմիկի կողմից նախաձեռնված շինարարական աշխատանքների կապակցությամբ։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է, որ իր զարմիկը զգալի փոփոխություններ է կատարել իր ծնողներին պատկանող տանը և կասկած է հայտնել՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվության օրինականության մասին։ Դիմումատուն պնդել է, որ իր զարմիկը ձեռք է բերել կեղծ և ապօրինի նոտարական ակտեր, որոնց հիման վրա էլ ապօրինի աշխատանքներ է իրականացրել։
Դիմումատուի զարմիկը զրպարտության և վիրավորանքի հիմքով հայց է ներկայացրել, որի հիման վրա մասնավոր քրեական հետապնդում է սկսվել Դիմումատուի դեմ։ Հայցվորը նաև իրեն պատճառված բարոյական վնասի համար փոխհատուցման պահանջ է ներկայացրել։ Հետագայում, քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այնուամենայնիվ, գործի շրջանակներում Դիմումատուն մեղավոր է ճանաչվել՝ նրա զարմիկի հեղինակությունը վնասելու համար: Ներպետական դատական ատյանները որոշել են, որ Դիմումատուի կողմից ներկայացված ապօրինի և կեղծ նոտարական փաստաթղթերի մասին պնդումներն անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը։ Դատական ատյանները նաև պարզել են, որ Դիմումատուի ծնողներին պատկանող տան օրինական սեփականատեր է հանդիսանում նաև Դիմումատուի զարմիկը։ Դատարանը կարգադրել է Դիմումատուին 2․557 եվրո գումարի չափով փոխհատուցում վճարել հայցվորին։
Դիմումատուն բողոքել, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում։ Դիմումատուն բողոքել է զրպարտության և վիրավորանքի հիմքով իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում իրեն մեղավոր ճանաչելու որոշման արդարացիության մասին։
Այնուամենայնիվ, ՄԻԵԴ-ը կոնվենցիայի խախտում չի արձանագրել։