Աքսիսը և ուրիշներն ընդդեմ Թուրքիայի

Գործի շրջանակներում 13 Դիմումատուներ բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դիմումատուներն ազգությամբ թուրք են, ծնվել են 1926-ից մինչև 1986 թվականն ընկած ժամանակահատվածում, բնակվում են Թուրքիայի Ստամբուլ, Բուրսա, Անկարա և Յալովա քաղաքներում։ Չորս Դիմումատուներ մահացել են բողոք ներկայացնելուց հետո, և նրանց երեխաները շարունակել են մասնակցել գործին իրենց ծնողների անունից։ Գործը վերաբերում է 1999 թվականի օգոստոսին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ Յալովայում Դիմումատուներին սեփականության իրավունքով պատկանող բնակարանների փլուզման հետևանքով վերջիններիս պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մերժմանը:

Դիմումատուներն իրենց պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին հայց են ներկայացրել այն կապալառուների դեմ, ովքեր կառուցել են բնակարանները։ Դիմումատուները պնդել են, որ կապալառուները պետք է պատասխանատվություն կրեն իրենց կրած կորուստների և վնասի համար, քանի որ նրանք չեն հետևել շինարարական օրենքներին և կանոններին:

2004 և 2005 թվականներին Վճռաբեկ դատարանի 13-րդ քաղաքացիական պալատը Դիմումատուների ներկայացրած պահանջները ճանաչել է ժամկետանց և մերժել է դրանք։ Դատարանը որոշել է, որ Դիմումատուները գործողություններ են իրականացրել պայմանագրային իրավունքների և պարտավորությունների կատարման շրջանակներում, սակայն վճռել է, որ Դիմումատուները չեն հետևել հայց ներկայացնելու համար 10 տարով սահմանված ժամկետը, որը հաշվարկվել է շինարարական աշխատանքների ավարտման օրվանից։ Հետագայում, Դիմումատուները բողոք են ներկայացրել նաև Վճռաբեկ դատարան, սակայն, ապարդյուն։

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (արդար դատաքննության իրավունք) խախտում։ Մասնավորապես՝ Դիմումատուները բողոքել են երկրաշարժի պատճառով իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակարանների փլուզման հետևանքով իրենց պատճառված վնասի փոխհատուցման պահանջը մերժելու որոշման մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ 10 Դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Թուրքիան պարտավոր է յուրաքանչյուր Դիմումատուին պատճառված նյութական և բարոյական վնասի համար վճարել 12․500 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։ ՄԻԵԴ-ը մերժել է սույն գործով մյուս 3 Դիմումատուների ներկայացրած բողոքները։