ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանում գտնվող Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը

Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման մասին՝ Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացու գործով հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։ 

Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի կնոջ, ծնողների, քրոջ անունից 19.07.2020թ․ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան դիմում է ներկայացվել Արտակ Զեյնալյանի և Արայիկ Ղազարյանի կողմից՝ ընդդեմ Ադրբեջանի։ Նրանք պահանջել են կիրառել հրատապ միջոց, այն է՝

1) ձեռնարկել բոլոր միջոցները Նարեկ Սարդարյանի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը ապահովելու համար,

2) հայտնել Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին,

3) միջոցներ ձեռնարկել Նարեկ Սարդարյանի կապը Հայաստանում նրա ծնողների, կնոջ և քրոջ (դիմումատուների) հետ ապահովելու ուղղությամբ,

4) Ադրբեջանում քրեական գործ հարուցված լինելու դեպքում՝ դիմումատուներին ուղարկել քրեական գործի նյութերը։

5) կազմակերպել Նարեկ Սարդարյանի վերադարձը Հայաստան։

ՄԻԵԴ-ը բավարարել է հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը և պահանջել է Ադրբեջանից ձեռնարկել հետևյալ միջոցները.

1) տրամադրել տեղեկություն Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի ու պայմանների մասին,

2) տրամադրել տեղեկություն նրա առողջական վիճակի մասին (հաստատված բժշկական տեղեկանքով (տեղեկանքներով), եթե այդպիսիք կան) և արդյոք բժշկական հետազոտությունը իրականացվել է անկա՞խ մասնագետի կողմից,

3) հարուցվե՞լ է, արդյոք, նրա նկատմամբ քրեական գործ, և եթե հարուցվել է, տրամադրել բոլոր համապատասխան մանրամասները և փաստաթղթերը, ներառյալ նրա դեմ առաջադրված ցանկացած մեղադրանքի մասին,

4) նշանակվե՞լ է, արդյոք, փաստաբան,

5) Արդյոք նա հնարավորություն ունի՞ լիարժեքորեն շփվել իր հարազատների և Հայաստանի իշխանության հետ։

Դատարանը նաև առաջնահերթություն է տվել բողոքին և սահմանել է հիմնական բողոք ներկայացնելու համար ժամկետ։ Ժամկետ է սահմանվել նաև պատասխանող պետությունից սպասվող գործողությունների կատարման համար:

Վերջերս Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը (30 տարեկան, ամուսնացած, ունի երկու տղա, ապրում է ծնողների, եղբոր հետ, զբաղվում է անասնապահությամբ, ունի շուրջ 20 գլուխ խոշոր եղջերավոր անասուն) Գորայք, Սպանդարյան ջրամբարի մոտակայքում գտնվող արոտավարյրում ձիով գնացել է անասունների հոտի ուղությամբ և չի վերադարձել: Մի քանի օր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, իսկ 15.07.2020թ․ համացանցում տարածվել է Նախիջևանում տեսագրված տեսանյութ, որում Սարդարյանը պատասխանում է իրեն ուղղված հարցերին, պատմում, թե ինչպես է սպիտակ կտոր ծածանելով հանձնվել ադրբեջանի զինվորականներին և խնդրում է Ադրբեջանի իշխանություններից քաղաքական ապաստան տրամադրել կամ իրեն հանձնել երրորդ երկրի:


Մեկնաբանություններ