Ամենաշատ ձայներ ստացած իրավաբան-գիտնականն ընտրվել է Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ

Հուլիսի 31-ին կայացավ դատավորների ընդհանուր ժողովը։ Ի թիվս մի քանի ընտրությունների՝ դատավորները  քննարկել ու ընտրել են դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների։

ԲԴԽ մամուլի խառայությունից ստացած տեղեկություններով, դատավոր չհանդիսացող թեկնածուներից թվով ամենաշատ ձայներ ստացել է իրավաբան-գիտնական Անահիտ Մանասյանը՝ ընտրվելով որպես Դատավորների ընդհանուր ժողովի՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ։

Մեզ հետ զրույցում Անահիտ Մանասյանը նշեց, որ դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը առանցքային դերակատարություն է ունենալու դատավորների գործունեության գնահատման առումով։ Ա. Մանասյանի կարծիքով՝ նշյալ կառուցակարգը չպետք է ծառայի որպես ինքնանպատակ, այլ պետք է դառնա պրոֆեսիոնալ, անկախ, հաշվետու դատական իշխանության կայացման կարեւորագույն գրավականներից մեկը։

Անահիտ Մանասյանը որպես ակտիվ գիտական գործունեություն ծավալող հայ իրավագետ՝ հայտնի է ոչ միայն Հայաստանյան իրավաբանական համայնքում, այլ նաև միջազգային ասպարեզում։ Նա հեղինակ և համահեղինակ է 8 մենագրությունների, 1 դասագրքի, 1 ուսումնական ձեռնարկի և 6 տասնյակից ավելի գիտական հոդվածների, որոնք հրատարակվել են Հայաստանյան և արտասահմանյան հեղինակավոր գիտական հրատարակությունների կողմից:Որպես փորձագետ մասնակցել է միջազգային տարբեր կառույցների կողմից իրավական տարատեսակ հարցերի վերաբերյալ եզրակացությունների, նյութերի, ինչպես նաև իրավական ակտերի նախապատրաստման գործընթացներին: Վարշավայի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի կողմից հրատակարկվող “Studia Politologiczne” («Քաղաքագիտական հետազոտություններ») միջազգային գիտական հանդեսի, ինչպես նաեւ տարածաշրջանային «Հարավային Կովկաս իրավաբանական ամսագրի» խմբագրական խորհուրդների անդամ է։ Սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, զեկույցներով հանդես է եկել հանրապետական և միջազգային բազմաթիվ գիտաժողովների շրջանակներում, դասախոսություններով հանդես է եկել արտասահմանյան տարատեսակ գիտական և ուսումնական հաստատություններում: Ա. Մանասյանը ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ է, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, այս պահին նաև Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր է։