Հաջորդ շաբաթ Բելառուսը ՄԱԿ-ում զեկույց կներկայացնի՝ մարդու իրավունքների պաշտպանության մասին

Այս տարվա հոկտեմբերի 8-ին և 9-ին տեղի կունենա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի հերթական նիստը, որի ժամանակ Բելառուսը պետք է զեկույց ներկայացնի։ Նիստի ժամանակ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի իրականացման մասին իրենց զեկույցները կներկայացնեն նաև Բելիզը, Բուլղարիան, Գվինեան, Սուդանը և Սենթ Վինսենթ և Գրենադինները։ Մասնավորապես՝ ՄԱԿ-ի փորձագետներին հետաքրքրում է Բելառուսում բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորումների, կալանավորների նկատմամբ իրականացվող խոշտանգումների, մարդկանց անհետացման դեպքերի, մահապատժի վերացմանն ուղղված միջոցառումների, կանխարգելիչ ձերբակալությունների և իրավապաշտպանների հարկադրական հոգեբուժական միջամտությունների, քաղաքացիների խոսքի ազատության իրավունքի սահմանափակման և կանանց նկատմամբ բռնության դեպքերի հետ կապված խնդիրները։

Որպես կանոն, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց տեսակետն են հայտնում երկրում տիրող իրավիճակի մասին, և այդ երկիրը զեկույց է ներկայացնում Կոմիտեին: Բելառուսի դեպքում, զեկույցներ են պատրաստել «Միջազգային համաներում» կազմակերպությունը, «Եհովայի վկաների եվրոպական միություն» կազմակերպությունը, «Ինքնություն և իրավունք» կազմակերպությունը, որը զբաղվում է ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ, և մարդու իրավունքների պաշտպանության ազգային կոալիցիան, որը բաղկացած է 12 հասարակական կազմակերպություններից։

Նշենք՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն բաղկացած է տարբեր երկրների անկախ ճանաչված 18 փորձագետներից, որոնք օժտված են «բարձր բարոյական չափանիշներով»: Բացի այդ, դեռևս 2012 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Բելառուսում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հատուկ զեկուցող է նշանակել Միլոշ Հարաստիին։ Վերջինս 6 տարի շարունակ զբաղեցրել է այս պաշտոնը, սակայն երբեք չի կարողացել այցելել երկիր, քանի որ պաշտոնական Մինսկը չի ճանաչել նրա մանդատը: Այս տարվա սեպտեմբերի 28-ին Մարդու իրավունքների խորհուրդը հատուկ զեկուցողի նոր պաշտոնում հաստատել է ֆրանսիացի քաղաքագետ Անաիս Մարինին:

Մեկնաբանություններ