«Ես չեմ ճանաչում և չեմ էլ ուզում ճանաչել Վարդգես Գասպարիին». Խիստ լարված իրավիճակ Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստից հետո

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ դատական գործի քննությունը՝ Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

Մինչև նիստի սկսվելը, դատարանի շենքի դիմաց Վարդգես Գասպարին խոչընդոտեց Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի համար ընտրված հանրային պաշտպան Մարինե Թովմսյանի ավտոմեքենայի մուտքը դատարան: Ոստիկանները հեռացրին Գասպարիին մեքենայի առջևից, ինչից հետո Գասպարին պառկեց դատարանի բակում, ձեռքին՝ «Մարինե Թովմասյան, Դուք իմ ներկայացուցիչը չեք, դատարանում գտնվելու իրավունք չունեք» պաստառով:

Դատական նիստերի դահլիճում 7 ամբաստանյալներից նիստին ներկա էին միայն երկուսը՝ Հովհաննես Պետրոսյանը և Գալուստ Գրիգորյանը։ Մյուսներն անցած դատական նիստերի ժամանակ հեռացվել էին դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:

Նիստը սկսվելուն պես, դատավոր Գրիգորյանը դատական սանկցիա՝ նախազգուշացում կիրառեց ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի նկատմամբ. վերջինս ոտքի չէր կանգնել նիստերի քարտուղարի՝ «Ոտքի՛, դատարանն է գալիս» արտահայտության ժամանակ:

Դատարանը ծանուցում էր ստացել Հրայր Թոփչյանի պաշտպան Վահագն Մարտիրոսյանից, որտեղ ասվում էր, որ պաշտպանը վատառողջ է, ուստի խնդրում էր 40 րոպեով ընդմիջել նիստը:

Ընդմիջումից հետո դատարանը նորից նույն խնդրով  սանկցիա կիրառեց ամբաստանյալ Գրիգորյանի նկատմամբ:

Պաշտպան Մարտիրոսյանը դեռ չէր եկել, սակայն բանավոր տեղեկացրել էր, որ անպայման գալու է, ուստի դատավոր Գրիգորյանը նիստն ընդմիջեց մեկ ժամով:

 Նիստի ընդմիջման ժամանակ, դեռևս ասֆալտին պառկած Վարդգես Գասպարին ասաց, որ Ժիրայր Սեֆիլյանի հետ ունեցած անցյալն է, որ իրեն թույլ է տալիս Սեֆիլյանի անունից հայտարարությամբ հանդես գալ:

Դատական նիստը սկսվեց: Նիստերի քարտուղարը տեղեկացրեց, որ Վահագն Մարտիրոսյանը մինչ այժմ չի ներկայացել դատարան, ինչի պատճառով դատավոր Գրրիգորյանը, կողմերի համաձայնությամբ, որոշեց նիստը հետաձգել, քանի որ առանց պաշտպանական կողմի՝ շարունակվել չէր կարող:  Այս հանգամանքը վրդովեցրեց ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանին. նշեց, որ դատական գործընթացը շատ է երկարում: Դատավոր Գրիգորյանն ամբաստանյալի պահվածքն՝ ընդունեց անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և կիրառեց սանկցիա՝ նախազգուշացում:

Նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը նշեց, որ չի ճանաչում և չի էլ ուզում ճանաչել Վարդգես Գասպարիին.

«Թե ինչ ակցիաներ է կատարում, ինձ բացարձակ չի հետաքրքրում, որովհետև նա որևէ կերպով չի կարող խոչընդոտել իմ մասնագիտական գործունեությանը: Ինձ համար անհասկանալի է, թե նա ով է և ինչ առնչություն ունի այս դատավարական գործընթացի հետ»:

Պաշտպանը նշեց, որ գործի վարույթը կլքի միայն այն դեպքում, երբ դատարանի դահլիճ բերվեն Ժիրայր Սեֆիլյանը և Ներսես Պողոսյանը, ինչպես նաև վերջիններիս շահերն իրականացնող պաշտպանները: Այդ ժամանակ հանրային պաշտպանին շրջապատեցին պաստառներով «զինված» ամբաստանյալի հարազատներն ու ընկերները: Պաշտպան Թովմասյանն ընդհատեց հարցազրուցը՝ պահանջելով հեռացնել իր հետևում կանգնած մարդկանց, հակառակ դեպքում՝ խոսքը չի շարունակի: Լրագրողների այն պնդմանը, որ իրենց լիազորությունների մեջ չի մտնում ամբոխին հեռացնելը, և դա ոստիկանների աշխատանքն է, պաշտպանն ուսերը թոթվեց և հեռացավ:

Ավտոմեքենայով դատարանի շենքը լքելու պահին, մեքենայի առաջ նետվեց Վարդգես Գասպարին, ոստիկաններն ուժով հեռացրին վերջինիս, որի ժամանակ վնասվեց Գասպարիի ձեռքը:

Մարինե Թովմասյանի հեռանալուց րոպեներ անց, Գասպարին փորձեց պառկելու եղանակով փակել փողոցի երթևեկությունը, ոստիկանները բռնի ուժով նրան հեռացրին փողոցից: Փոխադարձ հայհոյանքներ լսվեցին ոստիականի և Գասպարիի միջև. նա մեղադրում էր ոստիկանին իր հասցեին սեռական բնույթի հայհոյանք հնչեցնելու համար: Ոստիկանը, տեսնելով նկարահանող լրագրողներին, փորձեց իրեն զսպել՝ «Շա՞ռ ես, թող գնա ստեղից»:

Վարդգես Գասպարիի ինքնազգացողությունը վատացավ, որից հետո ավտոմեքենայով նրան հեռացրին դատարանի բակից:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի