«Իշխան Բարսեղյանն ինձ ասաց՝ 1000 դոլար գումար թող բերի, կանեմ»․ ամբաստանյալը ցուցմունք տվեց

Այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով ամբաստանյալ Էլզա Զաքարյանը։

Վերջինս իր ցուցմունքում պատմեց, որ Նորիկ Հակոբյանը դիմել է իրեն՝ որպես փաստաբանի, որպեսզի ինքն զբաղվի նրա գործով, սակայն ինքն այդ գործը հանձնել է մեկ այլ փաստաբանի՝ Կիմային, որից հետո ինքն այլևս տեղեկություն չի ունեցել Նորկից և նրա հետ չի հանդիպել։

«2016 թվականին իմ դեմ քաղաքացիական հայց է հարուցվել Շենգավիթի դատարան և ես չէի ստացել հայցադիմումը, այդ պատճառով եկել եմ դատարան որպեսզի ստանամ այն։ Արդյունքում պատահաբար հանդիպել եմ Իշխան Բարսեղյանին, զրույցի ընթացքում նա պատմել է իր անձնական գործերից և անսպասելի ինձանից պարտքով գումար է խնդրել»,- ասաց նա։

Էլզա Զաքարյանի խոսքերով ինքը չի կարողացել մերժել և Իշխան Բարսեղյանին պարտքով գումար է տվել, որից հետո Բարսեղյանն իր ձեռքով պարտավորագիր է ստորագրել, որ այդ գումարը վերցնում է պարտքով՝ կոնկրետ ժամանակով և վերադարձնելու պայմանով։ Պարտավորության ժամկետը լրանալու ընթացքում Էլզա Զաքարյանը պարբերաբար զանգահարել է Բարսեղյանին, սակայն վերջինս չի պատասխանել զանգերին և նա դիմել է Կիմային, որպեսզի վերջինս այդ հարցով դիմի դատարան և ստանա այդ գումարը, սակայն Կիման իրեն հորդորել է` նորից հանդիպել Բարսեղյանին։

‹‹Այդ խոսակցությունից հետո Կիման զանգահարում է ինձ և ասում է, որ Նորիկի գործի հետ ինչ-որ խնդիր կա, և նա ևս ուզում է հանդիպել Բարսեղյանի հետ։ Ես էլ ասացի, որ գնալու եմ Բարսեղյանի մոտ, եթե ուզում է հանդիպել թող ինձ հետ գա։ Դրանից հետո եկել ենք Շենգավիթի դատարան››,- հայտնեց ամբաստանյալը։

Ամբաստանյալի խոսքերով ինքը բարձրացել է Բարսեղյանի մոտ։ Սկզբում Բարսեղյանը նրան չի ճանաչել, այնուհետև ասել է, որ նոյեմբերի 2-ին գումարը կվերադարձնի, հետո էլ խոսել են Նորիկի գործից։ Դրանից հետո ինքն իջել է Նորիկի մոտ, որն էլ Էլզային խնդրել է նորից բարձրանալ Բարսեղյանի մոտ և նրան հարցնել, թե ինչ կարելի է անել և ուզածն ինչ է․ ‹‹Դրանից հետո նորից բարձրացա Բարսեղյանի մոտ և ասացի, որ Նորիկն ուզում է իմանալ, թե ինչո՞վ կարող եք իրեն օգնել, Իշխան Բարսեղյանն էլ ինձ ասաց 1000 դոլար գումար թող բերի, կանեմ, բարդ գործ է››։

Էլզա Զաքարյանը հայտնեց, որ այդ գումարը Բարսեղյանը պահանջել է հենց նույն օրը, իսկ Նորիկն էլ ասել է, որ չունի այդ գումարը, սակայն կճարի կտա, որից հետո նորից բարձրացել է Բարսեղյանի մոտ և հայտնել, որ Նորիկը համաձայն է։ Դրանից հետո Նորիկն իրեն տարել է տուն։

Էլզայի խոսքերով այնուհետև իրեն է զանգահարել Բարսեղյանը և հարցրել է, թե գումարն ինչ եղավ, հետո Նորիկն է զանգել և ասել, որ այդ գումարը կա․ ‹‹Երկուսն էլ ուզում էին, որ ես այդ գործի մեջ լինեմ, սակայն ես նրանց ասացի, որ ինձ հետ գործ չունեն, ես այս ժամին չեմ կարող դուրս գալ և ինձ հետաքրքիր չէ։ Միայն Բարսեղյանին հարցրել եմ, որ Նորիկը այդ գումարը տա ինքը ինձ կվերադարձնի՞ իմ գումարը։  Բարսեղյանն էլ ասաց, որ մեկը մյուսի հետ կապ չունի և կարող է այս գործից ինձ 100 դոլար տալ։ Դրանից հետո Բարսեղյանն ասաց, դե որ դու չես գալիս, թող Նորիկը գումարը բերի, ես էլ նույն բանը ասել եմ Նորիկին››։

Պատասխանելով պաշտպանների հարցերին Էլզան հայտնեց, որ Բարսեղյանը գումարը պահանջել է հակընդդեմ հայց ընդունելու և Նորիկի օգտին որոշ բաներ փոխելու համար․ ‹‹Ես մինչև վերջ համոզված էի, որ Նորիկը չէր կարող ճարել այդ գումարը, քանի որ նա այդ հնարավորությունների տեր մարդ չէր ››։

Էլզա Զաքարյանը նշեց, որ Իշխան Բարսեղյանի ձերբակալվելու մասին իմացել է առավոտյան, երբ ԱԱԾ ներկայացուցիչները զանգահարել են իրեն և ասել, որ պետք է ուղեկցեն Հատուկ քննչական ծառայություն։

Ամբաստանյալ Իշխան Բարսեղյանի պաշտպանները միջնորդեցին հետաձգել գործի քննությունը՝ հայտնելով, որ ամբաստանյալը նոր տվյալներ է ներկայացրել, ինչի պատճառով իրենց ժամանակ է հարկավոր պատրաստվելու և հարցեր ուղղելու համար։ Էլզա Զաքարյանն էլ հայտնեց, որ չի ցանկանում պատասխանել նրանց հարցերին։

Դատավոր Վաչե Մարգարյանը որոշեց հետաձգել գործի քննությունը։

Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 30-ին։

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ դատավորի կողմից կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդությունը:

Նյութը՝ Ելենա Արամյանի