Հաշմանդամություն ունեցող անձանց համար ընդամենը 7 մատչելի ավտոբուս՝ 668-ից

Երևանի տարածքում այսօր գործում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 668 ավտոբուս, որոնցից միայն 25-ի վրա է տեղադրված վերելակներ՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց մատչելիության համար: Վերելակով ավտոբուսներից այս պահին սարքին է միայն 7-ը:
«Վերջին 2 տարիների ընթացքում, մեզ համար մատչելի տարեկան 10 ավտոբուս էր տրամադրվում, սակայն, 2016թ-ին քաղաքապետարանը նվազեցրեց մատչելի ավտոբուսների թիվը՝ 10-ից հասցնելով 5-ի: Սա շատ կարևոր և մեծ խնդիր է, քանի որ 41 ավտոբուսային երթուղիներում ընդամենը 3 երթուղի ունենք, այն էլ՝ ընդամենը 7 ավտոբուսով: Ի դեպ, ես դեռ չեմ օգտվել և անգամ չեմ տեսել այդ ավտոբուսները, չնայած այն հանգամանքին, որ մոտ 40 րոպե սպասել եմ կանգառում»,- իր խոսքում նշեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը:
Վերջինս օրեր առաջ նամակ-առաջարկով դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում առանձնացրել էր այն 5 կարևոր խնդիրները, որոնց բախվում են հաշմանդամություն ունեցող անձիք տրանսպորտային անմատչելիության հետ կապված:
«Խնդիրները շատ են, բայց դիմումի մեջ նշել եմ միայն առանջնահերթ լուծում պահանջողները: Ամենակարևոր պահանջն այն է, որ վերելակով ավտոբուսների թիվը պետք է ավելացնել և հասցնել տարեկան մինչև 50 ավտոբուսի: Գումարն ամենևին էլ աստղաբաշխական չէ. յուրաքանչյուր ավտոբուսի հարմարեցված վերելակն արժե 4 մլն դրամ: Այսինքն, տարեկան 50 ավտոբուսի համար կծախսվի ընդամենը 200 մլն դրամ, իսկ դա, հավատացեք, մեծ գումար չէ մեր քաղաքային բյուջեի համար: Մյուս առաջակս է՝ այդ հարմարեցված ավտոբուսների համար ստեղծել չվացուցակ, որը մատչելի և հասանելի կլինի հաշմանդամություն ունեցող ցանկացած անձի համար: Առաջարկիս մեջ նշել եմ նաև այդ ավտոբուսների տեխնիկական սպասարկամն անհրաժեշտության, հարմարեցված կանգառասրահների և վարորդների համար պարտադիր դասընթացների մասին, քանի որ մենք ականատես ենք լինում դեպքերի, երբ վարորդը խտրական կամ բացասական վերաբերմունք է ցուցաբերում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ», – ասաց
Զարուհի Բաթոյանը:

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը ևս արտահայտեց իր դժգոհությունը, մասնավորապես նշելով, որ 21-րդ դարում ապրող մարդը չպետք է երթևեկի այսպիսի տրանսպորտային միջոցով, որն անմատչելի կարող է լինել որևէ անձի համար:
«Այս խնդրով ես զբաղվում եմ ավելի քան 20 տարի: Հրավիրվել է բրիտանական ընկերություն, որը պետք է կարգավորեր տրանսպորտային ցանցը: Նրանց է վճարվել 840.000 €, սակայն, արդյունքները ոչինչ են, ընդամենը 1,5 կգ թուղթ, որից որևէ ռացիոնալ քայլ չի երևում: Բրիտանական մասնագետին դիմել եմ անձամբ՝ քննարկելու այս հարցը միասին, սակայն, միշտ մերժում եմ ստացել՝ «ես շտապում եմ
Լոնդոն» պատճառաբանությամբ: Սա պարտիզանական ձև է, ոչ ավելին»,- ասում է Ա. Պողոսյանը:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամը վերջում անդրադարձավ, որ քաղաքապետարանը խոստացել է սեպտեմբեր ամսին վերանորոգել անսարք 18 մատչելի ավտոբուսների վերելակները. «Խոստացել են, մեզ մնում է միայն սպասել…»,- իր խոսքն ավարտեց Զարուհի Բաթոյանը:
Ի դեպ, հանդիպման վայր հասնելու համար, Զարուհի Բաթոյանը նորից դժվարության առաջ կանգնեց, քանի որ աստիճանների կողքին բացակայում էր անհրաժեշտ թեքահարթակը:
Նյութը՝ Ռոզա Վարդանյանի

Մեկնաբանություններ