ՄԱԿ-ի փորձագետը սահմանափակ բարոյական սկզբունքներով կազմակերպություն է անվանել «Արժույթի միջազգային հիմնադրամը»

ՄԱԿ-ի ծայրահեղ աղքատության հարցերով հատուկ զեկուցող Ֆիլիպ Օլստոնը հայտարարել է, որ «Արժույթի միջազգային հիմնադրամը» (ԱՄՀ) մեծ հնարավորություններ, սակայն անառողջ էգո և սահմանափակ բարոյական սկզբունքներ ունեցող կազմակերպություն է։

Օրեր առաջ Ֆիլիպ Օլստոնը նոր զեկույց է ներկայացրել Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամներին։  Իր զեկույցի մեջ Ֆիլիպ Օլստոնն անդրադարձել է Արժույթի միջազգային հիմնադրամին և ընդգծել է, որ ԱՄՀ-ի մասնագետները կարող են զբաղվել բնակչության աղքատ շերտի սոցիալական պաշտպանության խնդիրներով, սակայն ոչինչ չեն ձեռնարկում՝ այդ խնդիրների լուծում գտնելու ուղղությամբ։ Նա նաև հավելել է, որ ԱՄՀ կազմակերպությունը վարկեր է տրամադրում երկրներին, սակայն միջազգային ֆինանսագետները որևէ կերպ չեն հսկում իրենց կողմից հատկացված գումարի բաշխման գործընթացին: «Միայն Արժույթի միջազգային հիմնադրամը կարող է հսկողություն իրականացնել երկրներին հատկացված գումարի ճիշտ բաշխման գործընթացի վրա և հետևել սոցիալական պաշտպանության խնդիրները հարթելու համար իրականացվող աշխատանքներին։ Այնուամենայնիվ, երկար տարիների ընթացքում Արժույթի միջազգային հիմնադրամի դիրքորոշումն այն է, որ այդ հարցերն իրեն չեն վերաբերում։ Վերջին ժամանակաշրջանում ԱՄՀ-ը սահմանափակ բարոյական սկզբունքներ և անառողջ էգո ունեցող կազմակերպություն է հանդիսացել։ Այժմ կարող եմ ասել, որ Արժույթի միջազգային հիմնադրամը՝ տիկին Լագարդի գլխավորությամբ, ճիշտ ուղու վրա է, սակայն կազմակերպությունը դեռ շատ անելիքներ ունի», – նշել է ՄԱԿ-ի փորձագետը:

Վերջինս հորդորել է Հիմնադրամի ղեկավարությանը դասեր քաղել անցյալի սխալներից և փոխել իր մտածելակերպը և քաղաքականությունը։