ՄԱԿ-ը նշում է Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը

Հունիսի 26-ին ՄԱԿ-ը նշում է Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը: Այս տարի օրվա խորհուրդն է` «Առաջին հերթին լսել», կարգախոսն է՝ «Լսելով երեխաներին և երիտասարդներին` դուք կօգնեք նրանց առողջ և բարեկեցիկ դաստիարակությանը», իսկ խորհրդանշանն է՝ «Ասա Ո’Չ թմրամիջոցներին»: Այս նախաձեռնությամբ ՄԱԿ-ը նպատակ է հետապնդում երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքների համար բարեկեցիկ կյանք ապահովել՝ կանխարգելելով թմրանյութերի օգտագործումը։

Տարեկան մոտ 210 մլն մարդ ապօրինի թմրամիջոցներ է օգտագործում, իսկ դրանց օգտագործման հետևանքով գրանցվում է մոտ 200,000 մահվան դեպք: Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն իրազեկում է անօրինական թմրանյութերից ստացված միլիարդավոր դոլարների մասին, որոնք գործածվում են ահաբեկչության, մարդկանց թրաֆիքինգի և մաքսանենգ ճանապարհով զենք տեղափոխելու նպատակներով։ Հանրահավաքները և զանգվածային լրատվամիջոցներով լուսաբանումը նպաստում են ապօրինի թմրանյութերի վտանգների մասին տեղեկացվածությանը, ուսուցանում են դեռահասներին թմրանյութերի չարաշահման մասին և բուժման ու խնամքի տարբերակներ են տրամադրում թմրանյութերից կախվածություն ունեցողների համար։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 1987 թ. A/RES/42/112 բանաձևով։

Հիշեցնենք, որ 1993 թվականին Հայաստանի Հանրապետությունն անդամակցելով ՄԱԿ-ին` վավերացրել է թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի կողմից ընդունված  կոնվենցիաները: