Կուրսանտի սպանության գործով ամբաստանյալները հրաժարվեցին ցուցմունք տալ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում՝ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները հրաժարվեցին ցուցմունք տալ: Վերջիններս դատարանին հայտնեցին, որ իրենք ցանկանում են ցուցմունք տալ, սակայն այս պահին պատրաստ չեն:

Ամբաստանյալներից Գնել Թևոսյանի և  Նորիկ Սահակյանի պաշտպան Արա Զաքարյանն էլ դատարանին խնդրեց իրենց ժամանակ տրամադրել պատրաստվելու համար՝ նշելով, որ ամբաստանյալների հարցաքնությունների հերթականությունը կհայտնեն հաջորդ նիստի ժամանակ:

Այս հանգամանքը զայրացրեց տուժողի իրավահաջորդ Արկադի Բարսեղյանին, վերջինս դիմեց դատարանին՝ հայտնելով, որ նիստերն անընդհատ հետաձվում են և նման հարցերը պետք է նախապես արվեն կամ ամեն նիստից հետո նախապես զգուշացվեն, որ նման հարց է առաջ քաշվել. «Մեկ ամիս սպասելուց հետո գան ասեն, մենք դեռ պատրաստ չենք: Թող պատրաստեին, սենց ամեն անգամ ո՞նց կլինի: էնպես չլինի, որ մյուս դատական նիստին գան ու էլի ասեն՝ մենք պատրաստ չենք, մենք չենք իմացել կամ ես հիվանդ եմ»:

Դատավոր Դավիթ Հարությունյանն էլ նշեց, որ տուժողի իրավահջորդի դիտակումը շատ տեղին է: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 21-ին:

Հիշեցնենք, որ  2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով  կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք  2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

 

 

Մեկնաբանություններ