Էրարսլանը և ուրիշներն ընդդեմ Թուրքիայի

Դիմումատուները՝ Ռեջափ Ալթոն Էրարսլանը, Սևթափ Սեմա Մուրաթը, Բահրիյե Ուղուրելը և Ջիհան Դեմիրջի Թանսելը, ազգությամբ թուրք են, ծնվել են համապատասխանաբար 1950, 1956, 1954 և 1960 թվականներին։ Դիմումատուները բնակվում են Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Համապատասխան ժամանակաշրջանում Դիմումատուները հանդիսացել են Թուրքիայում գործունեություն ծավալող «Ժամանակակից կյանքի աջակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամներ և ղեկավարներ։ Դիմումատուները բողոք են ներկայացրել՝ քրեական գործի հետաքննության շրջանակներում իրենց ոստիկանության բաժին տանելու և նախնական կալանավայրում պահելու որոշման վերաբերյալ։

Մի քանի տարի շարունակ Թուրքիայում ընթացել է «Էրգենեկոն» գաղտնի ահաբեկչական կազմակերպության քրեական գործով հետաքննությունը։ Հանցավոր կազմակերպությունը փորձել է իրականացնել Թուրքիայի մի շարք մտավորականների, քաղաքական գործիչների, զինվորականների, կրոնական առաջնորդների և այլ անձանց սպանությունները: «Էրգենեկոն» կազմակերպությունը նպատակ է հետապնդել ահաբեկչական գործողություններով ապակայունացնել իրավիճակը երկրի ներսում և պետական հեղաշրջում իրականացնել:

Դիմումատուներին ոստիկանության բաժին են տարել և պահել են նախնական կալանավայրում՝ «Էրգենեկոն» հանցավոր կազմակերպության ենթադրյալ անդամ հանդիսանալու և բռնության միջոցով Թուրքիայի կառավարությունը տապալելու ուղղությամբ գործողություններ իրականացնելու կասկածանքով:

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) խախտում։ Դիմումատուներն իրենց բողոքի մեջ նշել են, որ ոստիկանության աշխատակիցները կալանավորել են իրենց՝ քրեական հանցագործություն կատարելու և ապօրինի կազմակերպության անդամ հանդիսանալու մասին փաստող հիմնավոր և ճշմարտանման ապացույցների բացակայության պայմաններում։  Այսպիսով, Դիմումատուները բողոքել են իրենց նախնական կալանավայրում պահելու որոշման արդարացիության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։

Դիմումատուներն իրենց պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին հայց չեն ներկայացրել։