Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` «Մինասյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2014 թ. ապրիլի 8-ին կայացրած վճռով ՀՀ կառավարությունը պարտավորվել էր գործով դիմումատու Վարդան Մինասյանին, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում, վճարել 6030 եվրո, որի 6000-ը՝ որպես ոչ նյութական վնասի, իսկ 30 եվրոն՝ որպես ծախսերի փոխհատուցում: Փոխհատուցման տրամադրման վերջնաժամկետը 2014 թվականի հոկտեմբերի 8-ն է:
Վճռի կատարման համար կառավարությունը արդարադատության նախարարությանը կտրամադրի 6030 եվրոյին համարժեք դրամ: Փոխհատուցման հարցն ընդգրկված է Կառավարության օգոստոսի 28-ի նիստի օրակարգում:
Նշենք, որ համաձայն ՄԻԵԴ 2014 թ. ապրիլի 8-ին կայացված վճռի` ՀՀ կողմից խախտվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերը, այն է` ՀՀ քաղաքացի Վարդանի Մինասյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը:
Վարդան Մինասյանը ներգրավված էր 2007 թ. դեկտեմբերի 18-ին Աբովյան քաղաքի մերձակայքում տեղի ունեցած փոխհրաձգության գործում, որի արդյունքում մեկ մարդ մահացել էր, ևս երկուսը՝ վիրավորվել։ Դեպքից 2 օր անց ինքնակամ ներկայանալով ոստիկանություն` Մինասյանը կալանքի տակ է առնվել: Դատարանը նախնական կալանքը երկարաձգել է 7 անգամ՝ մինչև 2009թ. մայիսի 8-ը:
Քրեական գործը վարույթ ընդունելուց հետո Մինասյանը շարունակել է կալանքի տակ մնալ` առանց դատարանի համապատասխան որոշման։ Վարդան Մինասյանը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանները գերազանցելով վիրավորներից մեկին մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով։
Վերաքննիչ դատարանը հրաժարվել էր քննել կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը: Իսկ Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունել էր վարույթ, արձանագրել է, որ խնդիր գոյություն ունի, բայց՝ բողոքը մերժել է։
Ապրիլի 8-ին ՄԻԵԴ-ը ճանաչել էր ՀՀ-ի կողմից Վարդան Մինասյանի իրավունքների խախտման փաստը: