«Խնդիրը պետք է լուծել սահմանադրական ճանապարհով»․ Արա Զոհրաբյան

Այսօր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարծիք է հայտնել, որ վարչապետի հրաժարականը կարող է վտանգավոր լինել և անկանխատեսելի հետևանքներ ունենալ․

«Հայաստանի Հանրապետությունը 2017 թվականից կիսանախագահականից դարձավ պառլամենտական հանրապետություն:

Ժամանակը ցույց տվեց, որ մեր երկիրը դեռ պատրաստ չի պառլամենտական հանրապետություն կոչվել: Մեր երկրում, որևէ քաղաքական կուսակցություն չունի բարձր վստահություն: Կուսակցությունների ներքին համակարգերի և քաղաքական ավանդույթների բացակայության պայմաններում, հասարակության կողմից քաղաքականության մեջ ընկալվում են կոնկրետ անհատները:

Այսօր էլ հասարակության մեծ մասը վստահում է Նիկոլ Փաշինյան անհատին և ոչ թե՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը:

Որպես փաստաբան և քաղաքացի, կարծում եմ, որ երկրում ստեղծված երկիշխանության և պայթունավտանգ իրավիճակից դուրս գալու համար պետք է օգտվել միայն սահմանադրական ճանապարհներից: Ընդ որում, վարչապետի հրաժարականի միջոցով ԱԺ-ն արձակելու ճանապարհը կարող է վտանգավոր դառնալ և անկանխատեսելի հետևանքներ առաջացնել, եթե խորհրդարանական մեծամասնությունը այլ անձի ընտրի վարչապետի պաշտոնում:

ՀՀ Սահմանադրության 2-րդ անփոփոխ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Նույն հոդվածը ներկայացնում է նաև այդ իշխանությունն իրականացնելու ձևերը՝
– ազատ ընտրությունները,
– հանրաքվեները,
– Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձինք:

Ժողովրդի իշխանությունն իրականացնելու այլ սահմանադրական ճանապարհ չկա:

Այս համատեքստում, կարելի է հանրաքվեի միջոցով նախաձեռնել Սահմանադրության փոփոխությունների գործընթաց, վերականգնել կիսանախագահական կառավարման ձևը, կազմակերպել նոր նախագահական ընտրություններ և նոր ԱԺ ընտրություններ, ինչպես նաև դատական իշխանությանն օժտել անկախության նոր երաշխիքներով»: