ՄԱԿ-ի անկախ հանձնաժողով. Սիրիայում մարդկության դեմ հանցանքներ են գործվում

SyriaՕգոստոսի 27-ին Սիրիայում իրավիճակի հետաքննության համար կազմված ՄԱԿ-ի միջազգային անկախ հանձնաժողովը հրապարակել է այդ երկրում տեղի ունեցող հակամարտության վերաբերյալ իր նոր զեկույցը: Մասնավորապես ընդգծվում է, որ Սիրիայի հակամարտությունը սպառնալիք է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: Ըստ զեկույցի` կառավարական ուժերն ու ընդդիմադիր կազմավորումները շարունակում են զանգվածային վայրագություններ գործել` անասելի տառապանք պատճառելով քաղաքացիական բնակչությանը:

Զեկույցի հիմքում ընկած են շուրջ 480 հարցազրույցի միջոցով ստացված վկայություններ, ինչպես նաև մեծ քանակությամբ փաստաթղթային նյութեր: Զեկույցի հեղինակներն եկել են այն եզրակացության, որ 2011 թ. սկսված հակամարտության արդյունքում խաղաղ բնակիչներն արդեն կորցրել են նորմալ կյանքով ապրելու և իրենց տարրական իրավունքների հարգման ցանկացած հույս: Հակամարտությունից տուժում են հատկապես կանայք ու երեխաները, որոնց հիմնական իրավունքները ոտնահարվում են ամեն օր: «Ամեն օր հարյուրավոր քաղաքացիներ են մահանում, մինչդեռ մարտերը շարունակվում են` հաշվի չառնելով ո′չ օրենք, ո′չ խիղճ»,-հայտարարել է հանձնաժողովի նախագահ Պաուլո Սերժիո Պինիեյրոն: 

Հատկապես ծանր իրավիճակ է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող շրջաններում: Այնտեղ ահաբեկիչները իրականացնում են հրապարակային մահապատիժներ, կանանց ենթարկում են մտրակի հարվածների` իրենց կարծիքով ոչ պատշաճ արտաքին տեսքի պատճառով, իսկ երեխաներին ներգրավում են զինվորական ծառայության: ՄԱԿ-ի փորձագետները հայտարարում են նաև, որ «Իսլամական պետություն» խմբավորման գործողությունները քաղաքացիական բնակչության նկատմամբ կարելի է ռազմական հանցագործություններին և մարդկության դեմ հանցանքներին համարժեք համարել:

Հանձնաժողովի անդամները նույն կերպ են որակում նաև քաղաքացիական բնակչության նկատմամբ սիրիական կառավարության կողմից իրականացվող անպատիժ գործողությունները: Մասնավորապես, նշվում է, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին հրթիռային հարձակումների ու ռմբակոծությունների հետևանքով ամեն շաբաթ զոհվել են հարյուրավոր տղամարդիկ, կանայք ու երեխաներ: Ընդ որում, առկա են տվյալներ, ըստ որոնց նպատակաուղղված հարվածներ են հասցվել քաղաքացիական բնակչության կուտակման վայրերում: Հանձնաժողովը վերահաստատել է նաև իր նախկին եզրակացություններն առ այն, որ բանտերում պահվող անձինք գքազանաբար ենթարկվում են կտտանքների և սեռական բռնությունների:

Ըստ զեկույցի, այս տարվա ապրիլին և մայիսին Սիրիայի արևմուտքում ութ անգմա քիմիական զենք է կիրառվել: «Իսլամական պետություն»-ից բացի, Սիրիայի տարածքում մարտնչում են նաև այլ զինված խմբավորումներ, այդ թվում նաև`«Ջաբհաթ ալ Նուսրա» խմբավորումը, որոնք նույնպես իրականացնում են զանգվածային մահապատիժներ և բնակելի շրջանների գնդակոծումներ:

Փաստաթղթում ընդգծվում է նաև, որ դեպի Սիրիա արտասահմանյան զինյալների ներթափանցումը և ծայրահեղական խմբավորումների գործունեությունը սպառնալիք են ստեղծում միջազգային խաղաղության և անվտանգության համար: Անդրադարձ է կատարվում նաև միջազգային հանրության պատասխանատվությանը: «Իր տարրական պարտականությունները կատարելու միջազգային հանրության անընդունակությունը` պաշտպանել քաղաքացիական բնակչությանը, դադարեցնել բռնություններն ու կանխարգելել նորերը, գտնել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղիներ, հանգեցրել է մի իրավիճակի, երբ կողմերն արդեն նույնիսկ չեն էլ փորձում առերևույթ պահպանել միջազգային նորմերը: Այսօր ակնհայտ է, որ այդ ամենը լրջագույն հետևանքներ է ունենում ողջ տարածաշրջանի համար»,- նշվում է զեկույցում:

Հանձնաժողովի անդամները նշում են նաև, որ որոշ պետություններ շարունակում են սիրիական կառավարությանը տրամադրել մեծաքանակ զինամթերք, հրանոթներ ու ինքնաթիռներ, ինչպես նաև ցուցաբերում են կազմակերպական-ռազմավարական աջակցություն: Մյուս կողմից, այլ պետություններ, կազմակերպություններ և առանձին անձինք ռազմական և ֆինանսական աջակցություն են ցուցաբերում ապստամբներին:

Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ հակամարտության կողմերին տրամադրվող զենքն ու զինամթերքը օգտագործվում է ռազմական հանցագործությունների համար: Նրանք խորհուրդ են տալիս զինամթերքի մատակարարման էմբարգո կիրառել և միջազգային հանրությանը կոչ են անում դադարեցնել դեպի Սիրիա զենքի ներհոսքը: Սիրիայում իրավիճակի հետաքննության միջազգային հանձնաժողովը ստեղծվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից 3 տարի առաջ: Այն լիազորված է հետաքննել միջազգային իրավունքի բոլոր խախտումները, ռազմական հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցանքները:

Աղբյուրը` www.un.org.